18/02/2019 18:40
Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը հետաձգվեց. Գրիգորյանին ժամանակ էր պետք
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատականի նիստը:
Այսօր դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ կայացած նիստում պատասխանող կողմը դատարանին միջնորդել է լրացուցիչ ժամանակ տրամադրել իրենց առարկությունները հիմնավորելու և հավելյալ ապացույցներն ուսումնասիրելու համար: Պատասխանող կողմի պնդմամբ, լրացուցիչ ժամանակն անհրաժեշտ է իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար: Միջնորդությունը դատարանը բավարարեց, և դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 15-ը:
Ավելի վաղ կայացած նախնական դատական նիստում պատասխանող կողմը՝ ի դեմս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, առարկել էր Խաչատուրովի ներկայացուցչի կողմից ներկայացված քաղաքացիական հայցին:
«Մենք վճռական ենք տրամադրված, և մեր պահանջները հստակ են», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը հայց էր ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի: Խաչատուրովը դատարանից պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջ է ներկայացրել:
Մասնավորապես, քաղաքացիական հայցով հայցվորները պահանջել են, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Ստեփան Գրիգորյանը պարտավորվի Ա1+ հեռուստաընկերությանը հարցազրույց տալ, որում կհերքի Յուրի Խաչատուրովի վերաբերյալ նախկինում իր կողմից հնչեցրած փաստացի սուտ տվյալները, ապա այդ հարցազրույցի տեսագրությունը տեղադրի իր ֆեյսբուքյան էջում:
Հայցով նաև պահանջվել է պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին վճարել 2 մլն ՀՀ դրամ՝ որպես պատիվն ու արժանապատվությունը արատավորող սուտ տեղեկություններ տարածելու միջոցով բարի համբավին հասցված բարոյական ոչ նյութական վնասի փոխհատուցում: ՆԿատենք, որ 2 մլն դրամը այս գործերով դրամական փոխհատուցման առավելագույն սահմանաչափն է:
Քաղհայց ներկայացնելու պատճառն այն էր, որ Ստեփան Գրիգորյանն իր հարցազրույցում խոսել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:
Ըստ հայցվոր կողմի, փաստացի, Ստեփան Գրիգորյանը գեներալիտետին, նաև Խաչատուրովին մեղադրել էր պետական դավաճանության մեջ: