18/02/2019 13:14
Ի՞նչ փոփոխություններ կլինեն կառավարության կառուցվածքում. Նախագիծ
Առաջիկայում գործադիր մարմինը օրենսդիր մարմնի հավանությանը կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Ըստ նախագծի՝ կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից։
Կառավարության կառուցվածքում կընդգրկվեն հետևյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) շրջակա միջավայրի նախարարությունը,
7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը:
Նախագծի համաձայն՝ չի լինելու առաջին փոխվարչապետ, նշվում է՝ «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը կփոխարինվեն «փոխվարչապետներից մեկի կողմից» բառերով։
«Բնապահպանության» բառերը կփոխարինվեն «շրջակա միջավայրի» բառերով:
«Տարածքային կառավարման և զարգացման» բառերը կփոխարինվեն «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով։
«Կրթության և գիտության» բառերը կփոխարինվեն «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով։
Նշվում է, որ կհանվեն «ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման» բառերը:
Էկոնոմիկայի նախարարությունը մշակելու և իրականացնելու է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման և արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մոնիտորինգի և գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում կառավարության քաղաքականությունը:
«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը կփոխարինվեն «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության» բառերով։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացման ձևով վերակազմակերպելու է՝ միանալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կվերանվանվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միացման ձևով կվերակազմակերպեն՝ միանալով Կրթության և գիտության նախարարությանը: Կրթության և գիտության նախարարությունը կվերանվանվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միացման ձևով կվերակազմակերպվի՝ միանալով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կվերանվանվի Էկոնոմիկայի նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը միացման ձևով կվերակազմակերպվի՝ միանալով Վարչապետի աշխատակազմին՝ Վարչապետի աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Բնապահպանության նախարարությունը կվերանվանվի շրջակա միջավայրի նախարարություն:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, կհաստատվեն վերակազմակերպված պետական կառավարման համակարգի մարմինների նոր կանոնադրությունները և կկատարվեն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ: