18/02/2019 10:45
Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 հատ Սու-30ՍՄ կործանիչ գնել. Դավիթ Տոնոյան
Հայաստանը մտադիր է 2019 թվականի վերջում և 2020-ի սկզբին ստանալ ռուսական չորս ՍՈՒ-30ՍՄ մարտական ինքնաթիռ, ընդհանուր առմամբ՝ Երևանը ցանկանում է ձեռք բերել նման 12 ինքնաթիռ, այդ մասին երկուշաբթի «IDEX-2019» զենքի ցուցահանդեսի ժամանակ РИА Новости-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք շարունակում ենք բանակցությունները ՍՈՒ-30ՍՄ-ի հերթական փաթեթի մատակարարման վերաբերյալ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ այդ արտադրանքը կարող է պատրաստ լինել, կան ներկրման հետ կապված խնդիրներ և այլն: Առաջին խմբաքանակը մենք նախատեսում ենք ստանալ մինչև այս տարի կամ, ծայրահեղ դեպքում, հաջորդ տարվա սկզբին» - ասել է նա:
Պատասխանելով РИА Новости-ի այն հարցին, թե որքա՞ն նման ինքնաթիռներ կցանկանար գնել հայկական ռազմական գերատեսչությունը, Տոնոյանը նշել է, որ խոսքը մեկ էկսկադրիլյայի մասին է (12 ինքնաթիռ):
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը РИА Новости-ին հայտնել էր, որ Երևանը մտադիր է Ռուսաստանից գնել 4 հատ ՍՈՒ-30ՍՄ կործանիչ:
Պաշտպանության նախարարությունից նաև նշել են, որ ռուսական կողմից նախկինում հատկացված 100 մլն դոլարի վարկի շրջանակում զենք ձեռք բերելու գործընթացը գտնվում է իրականացման փուլում:
Ավելի ուշ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել է, որ Երևանը չի սահմանափակվի՝ 4 կործանիչ ձեռք բերելով: