18/02/2019 17:00
Իրանում համոզված են՝ արցախա-ադրբեջանական սահմանը հօգուտ Ադրբեջանի երբևիցե չպետք է փոխվի. Վարդան Ոսկանյան
Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի մյունխենյան հանդիպումը պետք է դրական գնահատել, որովհետև ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Արցախյան հարցը, որի շուրջ որոշակի նոր զարգացումներ կան, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Իրանն այս հակամարտության գոտում սահմանակից պետություն է և, ըստ էության, ունի բացառիկ աշխարհագրական դիրք, որովհետև ընդհանուր սահման ունի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար հիմանխնդրի շուրջ առկա գործընթացների մասին Իրանին տեղեկություններ տրամադրելը մեր շահերից է բխում», - ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է բուն հիմնախնդրի շուրջ Իրանի դիրքորոշմանը, ապա այն, ըստ իրանագետի, չի փոխվել։
«Իրանցիները համարում են, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընթանա խաղաղ բանակցային ճանապարհով՝ դինվանագիտական հարթության մեջ։ Իրականության մեջ, ելնելով Իրանի շահերից, այս երկրում վճիռ կայացնող քաղաքական վերնախավը համենայն դեպս համոզված է, որ արցախա-ադրբեջանական սահմանը երբևիցե չպետք է փոխվի՝ հօգուտ Ադրբեջանի։
Երկրորդ, իրանցիները կտրականապես դեմ են այս տարածաշրջանում խաղաղապահ որևէ ուժի տեղակայմանը՝ կլինեն դրանք միջազգային մանդատով ուժեր, թե որևէ երրորդ պետության ներկայացուցիչներ։ Բնականաբար, Իրանն իր քաղաքականությունը կառուցում է այս մտայնությունից և տրմաաբանությունից ելնելով», - նկատեց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ հարևան երկիրը սահմանային անվտանգությունը դիտարկում է նախևառաջ սեփական շահերից ելնելով։
«Հայկական կողմից դե ֆակտո սահմանագծի վերահսկումը, որն ընդգրկում է Հայաստան-Իրան և Արցախ-Իրան սահմանային հատվածները, բխում է իրանական պետության շահերից՝ հաշվի առնելով բոլոր այն վտանգները, որոնք առկա են Ադրբեջանից դեպի Իրանի հյուսիսային թյուրքալեզու նահանգները», - ամփոփեց Վարդան Ոսկանյանը։