18/02/2019 14:38
Կառավարման գործող մոդելը ներկա շրջափուլում Հայաստանի համար արդյունավետ չէ. քաղտեխնոլոգ
Ես միշտ ավելի կողմ եմ եղել ուժեղ նախագահական կառավարման համակարգին, քանի որ Հայաստանի նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում շատ բաներ պետք է գերկենտրոնացված լինեն, և օպերատիվ որոշումներ կայացվեն։ Ծայրահեղ դեպքում Հայաստանին հարիր է կիսանախագահական համակարգը, սակայն այս պարագայում վարչապետը, միևնույն է, շատ դեպքերում շատ ավելի մեծ դեր է ունենում, քան նախագահը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկին՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին։
Նրա համոզմամբ՝ կառավարման գործող մոդելը ներկա շրջափուլում Հայաստանի համար արդյունավետ չէ։
«Միաժամանակ, անցումը պառլամենտական կառավարման համակարգին ռեգրես կամ պրոգրես չեմ համարում, որովհետև դա հարաբերական հասկացողութուն է։ Կարծես վերադառնում ենք մի քանի տարի առաջվա դիսկուրսներին, թե որ կառավարման համակարգն է լավ՝ նախագահականը, կիսանախագահականը, թե պառլամենտականը։ Բայց ես չեմ կարծում, որ տեսական բանավեճը լուծում ունի։ Սա, իսկապես, ճաշակի և ադապտացիայի հարց է», - ասաց մեր զրուցակիցը։
Վիգեն Հակոբյանի կարծիքով, կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալու առաջարկով ՀԱԿ-ը քաղաքական նոր օրակարգ է սահմանում, որը, դժվար է ասել, թե որքանով է համընկնում ՀՀ գործող իշխանության ցանկությունների հետ։
«Ժամանակին, երբ խորհրդարանում քննարկվում էր կիսանախագահական կարգից պառլամենտական համակարգի անցում կատարելու հարցը, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դա կեղծ օրակարգ է։ Ամբողջ հարցը նրանում է, թե կառավարման կարգի փոփոխությամբ ինչ խնդիր է լուծվում», - նկատեց մեր զրուցակիցը։
Վիգեն Հակոբյանն անդրադարձավ նաև Արցախի պետական կառավարման համակարգին՝ շեշտելով, որ հայկական երկրորդ պետությունում գործող նախագահական մոդելը շատ արդյունավետ է։
«Ապրիլյան պատերազմից հետո այնտեղ որոշում ընդունցին կիսանախագահականից անցում կատարել նախագահական համարգի, որովհետև կյանքը ցույց տվեց, որ այսպիսի պատմական ժամանակաշրջանում պետք է ավելի կուռ, կոնսոլիդացված, գուցե ավելի պարզ համակարգ, այլ ոչ՝ բարդ հավասարակշռվող մեխանիզմներով համակարգ», - նշեց քաղտեխնոլոգը։
Վերջում Վիգեն Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որքան էլ Հայաստանում ներկայումս գործում է խորհրդարանական կառավարման ձևը, հասարակության մոտ այն արդարացիորեն ընկալվում է որպես սուպերվարչապետական։
«Հայաստանում պրակտիկան ցույց է տալիս, որ դու կարող ես լինել լավ քաղաքական գործիչ, բայց ոչ միշտ՝ արդյունավետ գործադիրի ղեկավար», - ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն և ՀՀԿ-ն կիսանախագահական կառավարման համակարգին անցում կատարելը որակել են հետընթաց, իսկ ահա ԲՀԿ-ն այս հարցով քննարկում չի ծավալել՝ վերջնական տեսակետ հայտնելու համար։