18/02/2019 11:37
Պատեհ պահի կքննարկենք նաև այդ առաջարկը. Լենա Նազարյանը՝ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելու մասին (Տեսանյութ)
Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չենք ունեցել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջարկին՝ անցկացնել սահմանադրական հանրաքվե և վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգի:
«Պատեհ պահի կքննարկենք նաև այդ առաջարկը», – ասաց նա:
ԱԺ փոխնախագահը չցանկացավ հստակեցնել իր դիրքորոշումը՝ նշելով, որ խոսքը քաղաքական շատ կարևոր որոշման մասին է և չի ցանկանում անձնական դիտարկումներ անել, քանի դեռ թիմային քննարկում տեղի չի ունեցել:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ը հեղափոխության օրերից աջակցել է Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ է փոխվել հիմա, երբ նման բան է առաջարկում, արդյոք կա վստահության անկում վարչապետի նկատմամբ, Նազարյանն ասաց.
«Չեմ կարծում, պարզապես նրանք իրենց քաղաքական օրակարգն ունեն և ներկայացնում են այն, որևէ ենթատեքստ չեմ տեսնում»:
Նազարյանն ընդգծեց, որ թեև Սահմանադրական փոփոխությունների մասին այս պահին բան չի կարող ասել, բայց հստակ է, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները լինելու են Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում ու փոփոխվելու են.
«Առանց դրա չեմ պատկերացնում քաղաքական դաշտի առողջացումը»: