18/02/2019 15:30
Մոնոներկայացում եմ անելու, որտեղ ներգրավված է նաև նվագախումբ. Նարեկ Դուրյանը՝ «Բոհեմ» թատրոնի նորաբաց կայքի և առաջիկա ծրագրերի մասին
Նարեկ Դուրյանի ղեկավարած «Բոհեմ» թատրոնն արդեն կայք ունի: www.boheme-theater.am-ի ստեղծման առանցքային նպատակը հանդիսատես-թատրոն կապի սերտացումն է. հարթակի շնորհիվ մարդիկ կտեղեկանան «Բոհեմ» թատրոնի ներկայացումների մասին, ինչպես նաև՝ կկարողանան օնլայն տոմսեր ձեռք բերել: Հայաստանյան մշակութային ասպարեզում ոչ մի թատրոն դեռևս հանդես չի եկել նման նորարարությամբ:
Կայքի և թատրոնի առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք դերասան, թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանի հետ:
- Պարոն Դուրյան, կպատմե՞ք «Բոհեմ» թատրոնի նորաբաց կայքի մասին:
- Այն ստեղծվել է հաշվի առնելով 21-րդ դարի տենդենցները: Մեր նպատակն է քայլել ժամանակին համընթաց: Ամբողջ աշխարհում բոլոր թատրոններն ունեն կայքեր, որոնցով հնարավոր է ոչ միայն ծանոթանալ տվյալ թատրոնի խաղացանկին, այլև օնլայն տոմսեր ձեռք բերել: Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է: Այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց համացանցի, գովազդի, սոցիալական կայքերի: Եվ այս առումով, կարծում եմ, որ կայքի ստեղծումը շատ ճիշտ քայլ է:
Հայաստանում դեռևս թատրոնների կայքերի միջոցով հնարավոր չէ տոմսեր ամրագրել, պատվիրել: Մենք Հայաստանում առաջինն ենք, որ կիրառել ենք նաև այդ տեխնոլոգիան: Հուսով եմ, որ բոլոր թատրոնները կհետևեն մեր օրինակին:
- Վերջերս նոր ներկայացմամբ հանդես եկաք: Ինչպե՞ս ծնվեց «Շենքում իրավիճակ է փոխվել» բեմադրության գաղափարը:
- Պետք է ասեմ, որ վերջին տարիներին ինձ իսկապես նվիրել եմ երիտասարդներին: Յուրաքանչյուր բեմադրություն ստեղծելիս առաջին հերթին մտածում եմ, թե նրանք ինչ դեր պետք է խաղան այդ ներկայացման մեջ: Այս կերպ ցանկանում եմ նաև ճանապարհ հարթել նոր սերնդի համար:
«Շենքում իրավիճակ է փոխվել» ներկայացումը ստեղծել են երիտասարդները, ես պարզապես օգնել եմ տեսքի բերել այն: Ներկայացումը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում: Դրա հիմքում անձնական պատմություններն են. բոլոր հերոսները մեկ շենքում են ապրում և շենքում իրավիճակ է փոխվել: Շենքը կարծես պետության մոդել է դարձել: Շատ հետաքրքիր է ստացվել:
- Այս պահին ի՞նչ նոր ներկայացում է բեմադրվում «Բոհեմ» թատրոնում: Ի՞նչ գործի վրա եք աշխատում:
- Ապրիլի 26-ին դառնում եմ 60 տարեկան, հիմա աշխատում եմ 60-ամյակիս ներկայացման վրա: Ամեն տարի չէ, որ 60 ես դառնում, երկու անգամ 60 էլ չես կարող դառնալ: Մոնոներկայացում եմ անելու, ներկայացման մեջ ներգրավված է նաև նվագախումբ:
Ներկայացնելու եմ այն ամենն, ինչ զգացել եմ այս 60 տարիների ընթացքում: Պատմելու եմ այն մասին, թե ինչ եմ կարողացել անել, ինչում եմ հաջողել կամ չեմ հաջողել…