18/02/2019 19:00
Որքան էլ անվանափոխես, դարձնես քրստոնեությանը մոտ, միևնույն է՝ քրիստոնեական չի դառնա, և Աստված իր հաճությունը չի տա. Սիլվի Բարկովա
Ամիսներ առաջ դերասանուհի Սիլվի Բարկովան ամուսնանալով հնդիկ պրոդյուսեր, գործարարի հետ՝ տեղափոխվեց ապրելու ամուսնու հայրենիք: Օրերս Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց՝ իր կյանքում հիմա ամեն ինչ կարգին է, միակ անհանգստացնող հանգամանքը կարոտն է:
«Կարոտը խեղդում է ինձ, շատ-շատ եմ կարոտում Հայաստանը, բայց դեռ չգիտեմ՝ երբ կգամ: Հիմա այստեղ ամուսնուս հետ ենք ապրում, իր ծնողները հինգ ամսով մեկնել են ԱՄՆ: Դեռևս տնային տնտեսուհու կարգավիճակում եմ, չեմ աշխատում, բայց շուտով աշխույժ կյանք կվարեմ», - ժպիտով նշեց նա:
Դերասանուհու կամքով հարսանիքի արարողությունը հնդկական ավանդույթներով էր անցել: Օրեր առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Տեառնընդառաջը, որը նորապսակների տոն է կոչվում: Հետաքրքրվեցինք՝ արդյոք հնդկաստանում բնակվող հայ հարսնացուն ու հնդիկ փեսացուն այս անգամ հետևել են հայկական ավանդույթներին, թե՞ շարժվում են միայն այնտեղի ավանդույթներով ու սովորույթներով:
«Ես դեռ փոքր երեխա էի, երբ Աստվածաշունչ կարդալիս հանդիպեցի այն հատվածին, որտեղ հստակ գրված է. «Անիծյալ լինի այն մարդը, ով կրակի վրայով կթռնի և իր որդուն և դստերը կթռցնի»… Տեառնընդառաջը հեթանոսական տոն է: Հասկանում եմ՝ նախկինում հեթանոսությունից քրիստոնեության անցումը մարդկանց համար հեշտ չի եղել, շատերը նույնիսկ, բացի ըմբոստանալուց, նաև ինքնասպան են եղել՝ չընդունելով այդ փոփոխությունը: Իհարկե, եկեղեցին հեթանոսության շրջանից շատ ծեսեր է պահել, որպեսզի մարկանց համար մեծ հարված չլինի: Բայց չեմ հականում, ինչի՞ քիչ-քիչ չեն դադարել տոնել այդ տոները, հատկապես՝ այս մեկը սա, երբ հստակ անեծք է խոսվում կրակի վրայից թռնելու համար: Որքան էլ անվանափոխես, դարձնես քրստոնեությանը մոտ, միևնույն է՝ քրիստոնեական չի դառնա, և Աստված իր հաճությունը չի տա», - զրույցը եզրափակեց Սիլվի Բարկովան՝ մեկտեղ շտապելով վստահեցնել՝ ինքն աղանդավոր չէ: