19/02/2019 12:40
Սոչիում Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Հայաստանում ԵԱՏՄ երկրների համար ազատ տնտեսական գոտի ձևավորել. Միքայել Մելքումյան
Սոչիում Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Հայաստանում ԵԱՏՄ երկրների համար ազատ տնտեսական գոտի ձևավորել, ԱԺ-ում ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Պարոն Ծառուկյանի կողմից եղավ առաջարկ ԵԱՏՄ անդամ երկրների համար ՀՀ-ում ազատ տնտեսական գոտի ձևավորելու խնդրի շուրջ: Դա միայն առաջարկ չէր: Մի կողմից արդյունաբերական գոտիների հարցերի շուրջ մեր օրենսդրությունը անդամ երկրների հետ պիտի լինի համադրելի, այդ առումով մենք պատարստված են, և երկրորդ՝ այդ ազատ տնտեսական գոտիների համար Հայաստանում պետք չէ այլևս օրենք լինի, որովհետև կառավարությանը տրված է լիազորություն տվյալ տիրույթը հայտարարել որպես ազատ տնտեսական գոտի», - ասաց Մելքումյանը:
Նա ընդգծեց՝ ազատ տնտեսական գոտին ենթադրում է, որ մաքսային սահման չի լինի, կլինի հարկերից ազատում, մտավոր սեփականության արագ գրանցում և ապահովագրություն:
«Եթե մենք գնում ենք դեպի լիակատար ինտեգրացիա ԵԱՏՄ-ի շրջանակներում, նշանակում է, որ ՌԴ բանկերը նույն մատչելի տոկոսադրույքններով վարկեր կարող են տրամադրել նաև Հայաստանում, դա նաև նշանակում է միասնական էնէրգետիկ շուկա և գազի և էլեկտրաէներգիայի գինը՝ գումարած տրանսակցիոն ծախսերը ու տեղ հասցնելու լոգիստիկան, պետք է համադրելի լինեն: Բա էլ ինչի՞ համար է ինտեգրացիան, հո՞ օդի համար չէ, որ անունը դրել ենք ինտեգրացիա, բայց չկարողանանք օգվել միասնական շուկայի հնարավորություններից: Ամեն դեպքում, առաջանային փուլում Գագիկ Ծառուկյանի առաջարկը բավականին պրոֆեսիոնալ և կշռադատված է եղել այն առումով, որ Հայաստանի ներսում ստեղծում ենք մի գոտի, որտեղ ավելի նպստավոր պայմաններ կան, քան՝ ՌԴ, Բելառուսի կամ Ղազախստանի միջավայրում: Սա առաջին քայլերից է», - ասաց նա: