19/02/2019 16:23
Տեղյակ եմ՝ ով է նախաձեռնել իմ դեմ ստորագրահավաքը, բայց չեմ ցանկանում անուն նշել. Էջմիածնի քաղաքապետ
Տեղյակ եմ՝ ով է նախաձեռնել իմ դեմ ստորագրահավաքը, բայց չեմ ցանկանում անուն նշել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն՝ անդրադառնալով լուրերին, որ մի խումբ Էջմիածինցիներ՝ դժգոհ իր կառավարումից և կադրային քաղաքականությունից, որոշել են հրաժարականի պահանջով ստորագրահավաք կազմակերպել։
Նա միաժամանակ հավելեց, որ վերոնշյալ քաղաքացին պաշտոնատար անձ չէ, որևէ քաղաքական ուժ չի ներկայացնում։
«Պարզապես ինչ-որ մեկը որոշել է ստորագրահավաք անցկացնել։ Ընթացքի մասին տեղյակ չեմ՝ միայն լուրերի մակարդակով։ Խոսում են ինձնից ունեցած դժգոհությունից, բայց ես չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Դժգոհության մասին նշում են շատ լղոզված, շատ ընդհանրական. որևէ հստակ դիմում-բողոք, որին ընթացք չի տրվել, քաղաքապետարանում չկա։ Ես այս ամենն ավելի շատ բամբասանքների մակարդակի լուրեր եմ համարում», - ասաց Դիանա Գասպարյանը։
Ինչ վերաբերում է իր վարած կադրայի քաղաքականությանը, Էջմիածնի քաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանի պաշտոնական էջում թափուր աշխատատեղերի մասին պարբերաբար հայտարարություններ են տեղադրվում, անցկացվում են մրցույթներ։
«Մրցութային հանձնաժողովում անգամ ես ինքս չեմ լինում։ Չեմ հասկանում՝ ի՞նչ կադրային քաղաքականության մասին է խոսքը։ Նախորդ ամռանը մեկ անգամ արդեն մրցույթներ անցկացվել են, ընտրվել են մարդիկ, ում հետ անգամ ծանոթ չեմ եղել։ Շատ լավ կադրեր են հավաքվել։
Մարտի 1-ին էլ մանկապարտեզների դաստիարակների հարցազրույց է տեղի ունենալու։ Սա, ըստ էության, օրենքի պահանջ չէ, քանի որ կարող էինք հայցողական հիմունքներով նշանակել, բայց գերադասեցինք ամեն դեպքում գրավոր և բանավոր փուլերով հարցազրույց անցկացնել և ամենաարժանավորներին ընտրել», - նշեց Դիանա Գասպարյանը։
Վերջում Էջմիածնի քաղաքապետն ընդգծեց, որ քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել 4-5 ամիս առաջ, դրանց արդյունքները չեն վիճարկվել, բոլորն ընդունել են, որ արդար և թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել։
«Այս պարագայում ես ստորագրահավաքը լուրջ չեմ համարում», - նշեց մեր զրուցակիցը։