19/02/2019 16:19
Յուրի Խաչատուրովին քրեական գործի նյութերը փոխանցվել են հայերեն, չթարգմանված
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով անցնող մեղադրյալների պաշտպանների միջնորդությունը 76 հատորանոց քրեական գործին ծանոթանալ 76 աշխատանքային օրերի ընթացքում։
ՀՔԾ լրատվական ծառայությունից Aysor.am-ին փոխանցեցին, որ քննիչի որոշմամբ հնարավորություն է տրվել նրանց գործի նյութերին ծանոթանալ 50 ոչ թե աշխատանքային, այլ օրացուցային օրերի ընթացքում։ Քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտարարել էր փետրվարի 15-ին, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ և կես ամիս անց քրեական գործը կմտնի դատարան։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քրեական գործի նյութերի հետ կապված որոշ խնդիրներ ունի. քրեական գործը նրան է տրամադրվել հայերենով։ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի ներկայացմամբ, իր պաշտպանյալը ծնվել, մեծացել, դպրոց է հաճախել Վրաստանում, այնուհետև ԽՍՀՄ տարածքում ստացել բարձրագույն կրթություն և չի տիրապետում հայերենին, հետևաբար չի կարող ծանոթանալ քրեական գործի նյութերին։
ՀՔԾ-ից հաստատեցին, որ քննիչը մերժել է Յուրի Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը՝ քրեական գործի նյութերը ռուսերեն թարգմանությամբ տրամադրելու մասին։ Առայմ հայտնի չէ՝ ինչ հիմքով է միջնորդությունը մերժվել։
Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալներ են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը։