19/02/2019 10:00
«Փաստ». Գաղափարը դիտավորյալ է հրապարակ նետվում ՀԱԿ–ի «ձեռքով»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տարածվեց ՀԱԿ–ի կողմից հրապարակված մի ծավալուն հայտարարություն, որտեղ ամենաաչքի ընկնող թեզն այն էր, որ իշխանություններին առաջարկվում է մեկ տարվա ընթացքում կազմակերպել Սահմանադրական հանրաքվե և արդյունքում վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առաջարկն արվել է վարչապետ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո, որի մասին վերջինիս թիմակիցներն ընդհանրապես տեղյակ չեն եղել: Այսկերպ դաշտում փորձում են կազմակերպել յուրօրինակ թեսթ–դրայվ՝ հանության ռեակցիան ստուգելու համար:
Մեր աղբյուրների պնդմամբ, Փաշինյանն ինքն էլ դեմ չէ վերադառնալ կիսանախագահական կառավարմանը և ընտրվել ՀՀ նախագահ: Հավաստի տեղեկություններով, այս գաղափարը դիտավորյալ է հրապարակ նետվում ՀԱԿ–ի «ձեռքով», որպեսզի դիտարկվի որպես արտախորհրդարանական ուժի կողմից արված կառուցողական դիսկուրս–առաջարկ»: