19/02/2019 15:00
Հայաստանն առայժմ շահում է ԵԱՏՄ անդամ լինելուց. տնտեսագետ
Ազատ տնտեսական գոտիներն, առհասարակ, միտված են ներդրումային գրավչությանը, գործարար միջավայրի աշխուժացմանը, ինչն էլ կարող է նպաստել, որ Հայաստանն առավել տեսանելի դառնա արտաքին աշխարհի համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանը Սոչիում առաջարկել է Հայաստանում ԵԱՏՄ երկրների համար ազատ տնտեսական գոտի ձևավորել։
«Ազատ տնտեսական գոտիները շատ տարբեր են լինում՝ և՛ իրենց դասակարգմամբ, և՛ տեսակներով, և՛ նպատակներով, և՛ կախված դրա ուղղվածությունից՝ կարող ենք բխեցնել մեր եզրահանգումներն ու կանխատեսումները։ Եթե բոլոր պայմաններն ապահովվեն՝ օրենքի գերակայություն, շահութաբերության բավարար մակարդակ, ազատ մրցակցային միջավայր և այլն, այս ամենը կարող է դրական ազդել հայաստանյան տնտեսության վրա։ Ենթադրում եմ, որ ազատ տնտեսական գոտին, ինչ ուղղվածություն էլ ունենա, ինչ տեսակի էլ լինի, կարող է բարերար ազդեցություն ունենալ», - նկատեց տնտեսագետը։
Հարցին՝ կարո՞ղ է ԵԱՏՄ երկրների համար Հայաստանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին նպաստել մեր՝ այդ կառույցում առավել մեծ թափով ներգրավմանը, Թաթուլ Մանասերյանը դրական պատասխան տվեց։
«Որովհետև որպես Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը կդառնա բարենպաստ միջավայր», - պարզաբանեց նա։
Տնտեսագետին խնդրեցինք նաև գնահատել Հայաստանի՝ այսօր ԵԱՏՄ-ում ունեցած դիրքերը։
«Բարդ հարց եք տալիս։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ Հայաստանն առայժմ շահում է Եվրասիական տնտեսական միության անդամ լինելուց։ Տնտեսական ցուցանիշները հենց դրա մասին են խոսում, այդ ցուցանիշները, բարեբախտաբար, հուսադրող են», - ամփոփեց մեր զրուցակիցը։