19/02/2019 19:05
Փառք Աստծո, շահածս՝ շատ, կորցրածս՝ քիչ. դերասան Լևս Դավթյանը դարձավ 30 տարեկան
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Լևս Դավթյանի համար 2019-ը հոբելյանական է. դերասանն այսօր դառնում է 30 տարեկան: Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս տոնական իր օրն անցկացնում է ընտանիքի ու ընկերների միջավայրում՝ տանը:
Հոբելյարն արդեն բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: Հարցին, թե ով է եղել առաջին շնորհավորողը՝ ժպիտով պատասխանեց.
«Առաջին շնորհավորողի անունը թող գաղտնի մնա… Իսկ առհասարակ, անչափ շատ եմ ուրախանում՝ կարդալով ծանոթ ու անծանոթ մարդկանց բարեմաղթանքները»:
Հանգամանքը, որ արդեն 30 է՝ նրան մի քիչ տխրեցնում է, մեկտեղ՝ պարտավորեցնում: Ինքն իր համար ամփոփել է ապրած տարիներն ու եկել մի համոզման՝ ամեն ինչ ի վերուստ է որոշվում:
«Իրականում, մի քիչ տխուր եմ, որ էլ «չենք լինի մենք 20 տարեկան»: Մյուս կողմից՝ պարտավորեցնող տարիք է: Հետ եմ նայում ու Փառք Աստծո՝ շահածս՝ շատ, կորցրածս՝ քիչ: Իհարկե, ամենակարևոր ձեռքբերումն ընկերներս են, թատրոնս: Կորցրածս էլ ձեռքբերում եմ համարում, քանի որ հավատացած եմ՝ ինչը քոնն է՝ քեզ է մնում կամ գալիս: Ի վերջո, ամեն ինչ ի վերուստ է», - նշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով նվերներին՝ Լևս Դավթյանը նկատեց՝ սիրում է նվիրել, բայց նվեր ստանալուն էլ դեմ չէ:
«Ես էլ, ինչպես շատերը, սիրում եմ նվիրել: Իսկ երբ ինձ են նվեր անում, ուշադրություն չեմ դարձնում ոչ դրա չափսին, ոչ էլ գնին: Վրան բարեմաղթանք գրած լուցկու տուփ էլ ստանամ՝ աչքի լույսի պես կպահեմ: Հավատացեք, իմ ամենամեծ նվերը մարդկանց ջերմ մաղթանքներն ու գնահատանքն են: Ես բարեմաղթանքների զորությանը հավատում եմ», - ընդգծեց հոբելյարը:
Իսկ թե ի՞նչ է մտածում ընտանիք կազմելու մասին՝ պատասխանեց հակիրճ, բայց վստահ.
«Մտածում եմ… Շատ եմ ուզում… Տրամադրված եմ»:
Դերասանը ներկայումս զբաղվածություն ունի միայն թատրոնում, բուռն փորձերի շրջան է ու պատրաստվում է երկու պրեմիերաների: Էկրանային զբաղվածություն այս պահին չունի, իր խոսքերով՝ սպասում է լավ ֆիլմի առաջարկի:
Ինքն իրեն մեկ մաղթանք ունի՝ իրեն շրջապատողներն առողջ ու երջանիկ լինեն, երկիրը խաղաղ լինի, ազգը՝ բարեկեցիկ:
«Մաղթում եմ ինձ, որ այն մարդիկ, ովքեր միշտ կողքիս են եղել, առողջ ու երջանիկ լինեն ու իմ գլխից անպակաս: Խաղաղության մեջ ապրենք բոլորս ու առողջ լինենք»,-զրույցը եզրափակեց նա:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Լևս Դավթյանին՝ մաղթելով ստեղծագործական ու անձնական ձեքբերումներ: