20/02/2019 19:00
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ
ՀՀ դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևանի Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. դեկտեմբերի 14–ի՝ Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը, սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:
Դեկտեմբերի 11-ին հայտարարվել է, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:
Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: