20/02/2019 11:15
Տանից թանկարժեք իրեր են տարել, գումար չեն տարել. Անատոլի Գնունի
Հանցագործները տանից տարել են նվերներ և թանկարժեք իրեր, գումար չեն տարել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին՝ անդրադառնալով երեկ իր բնակարանից կատարված գողությանը։
Արդյո՞ք թանկարժեք իրերի մեջ ոսկեղեն և արվեստի գործեր են եղել։ Ա.Գնունին պատասխանեց. «Ես թանկարժեք նկարներ, անտիկվարիատ չունեմ, ես գլուխս կախ աշխատող բժիշկ եմ, նման բաներ տանը չունեմ։ Ես շատ հասարակ եմ ապրում, շատ համեստ եմ ապրում, հիվանդներից փող չեմ վերցնում։ Դրա համար նման անտիկվար բաներ, կալվածքներ չունեմ»:
Նա նշեց, որ գողացված թանկարժեք իրերը բավական մեծ ծավալ են կազմում։ Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ իրավապահները շատ արագ արձագանքել են, դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ իրականացրել։
Քննչական կոմիտեից էլ Aysor.am-ին տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Կատարավում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական աշխատանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությմաբ։