20/02/2019 16:08
Մարուքյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի միջոցով մտադիր է բարձրացնել խմբակցությունների դերը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր Ազգային ժողովի նախագահին, Իմ քայլը և Բարգավաճ Հայաստան խմբակցություններին է ուղարկել իրենց մշակած սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու հիմնավորումները:
«Իմ կողմից առաջարկ է ներկայացվել նախագծի շուրջ միասնական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը մանրամասնեց, որ առաջարկում են Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխություններով այնպես անել, որ ԱԺ խմբակցությունը իրավունք ունենա նախաձեռնել ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրել, հրատապ թեմայով քննարկումներ պահանջել, ինչպես նաև դիմել Սահմանադրական դատարան։ Այս ամենը, նկատենք, գործող կարգով կատարվում է պատգամավորների կողմից անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում։
«Խորհրդարանական մակարդակում Սահմանադրության մեջ փոխելու շատ քիչ բան կարող ենք անել։ Մենք հիմնավորել ենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել Ազգային ժողովում, որ մեծամասնությունն ունի տոտալ սահմանադրական մեծամասնություն և կախված չէ մյուս խմբակցությունների անգամ մեկ պատգամավորի ձայնից՝ այն դեպքերում, երբ պետք է ընդունի սահմանադրական օրենքներ, նշանակի, օրինակ, գլխավոր դատախազին։ Իշխանական մեծամասնությունը որևէ կերպ, որևէ հարցում սահմանափակված չէ։ Մենք զուտ ֆրակցիաների լիազորություններն ենք ուզում շատ արագ բարձրացնել, հնարավորինս խորհրդարանական վերահսկողություն ունենալ, որովհետև հիմա, նոր իրողություններում մենք մեծ լիազորություններ չունենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Նոր ձևավորված խորհրդարանը, համեմատելով 6-րդ գումարման խորհրդարանի հետ, պատգամավորն ասաց, որ Հանրապետական կուսակցությունն այնտեղ միայնակ մեծամասնություն չէր և նրան շատ հարցերում աջակցում էր Դաշնակցությունը։ Այժմ, սակայն, նրա խոսքով, իրավիճակն այլ է՝ խորհրդարանական մեծամասնությունը 88 ձայն ունի և կարող է առանց ընդդիմության ձայների ու նրանց հետ հաշվի նստելու փոխել կամ ընդունել Սահմանադրական կարևոր օրենքներ, առանցքային պաշտոններում նշանակել պաշտոնյաներ։