20/02/2019 16:14
Ոստիկանապետը հրավիրվել է ԱԺ՝ «Իմ քայլը» խմբակցություն
Փետրվարի 22-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կհանդիպի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ, իսկ մյուս շաբաթ՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, այսօր այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Պարզապես մենք գործուղումներ ունեինք այս շաբաթվա ընթացքում և ուզում ենք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ներկա լինեն այդ հանդիպմանը», - հավելեց Մակունցը։
Լրագրողներին հետաքրքրում էր նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններն արդյոք իրականությանը համապատասխանում են։ Ի պատասխան՝ Մակունցն ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ հոդվածին ու հավելեց. «Կծանոթանամ և կարծիքս կհայտնեմ: Երբ ծանոթանամ նյութին, հասկանամ՝ ինչ է տեղի ունենում, այդ ժամանակ նաև խմբակցությունով կքննարկենք, և խմբակցության դիրքորոշումը կկարողանամ հայտնել միայն այդ քննարկումից հետո»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մինչ այժմ հրավիրել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Կառավարության պաշտոնյաների հետ հանդիպումներն ընթանում են դռնփակ ռեժիմով։