20/02/2019 13:56
ԱԱԾ-ից հերքում են Դավիթ Սանասարյանի դեմ քրգործ հարուցելու մասին տեղեկությունները
Երեկ մի շարք լրատվական կայքերում տեղեկություն հայտնվեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի նկատմամբ:
Ըստ տեղեկությունների, պատճառը մի քանի տասնյակ տենդերների ընթացքում թույլ տրված ապօրինի միջամտությունն ու գնումների գործընթացի վրա անօրինական ազդեցությունն է եղել:
Aysor.am-ի հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են Դ.Սանասարյանի դեմ քրգործ հարուցելու մասին տեղեկությունները, Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը պատասխանեց. «Կեղծ լուրեր են: Մեկնաբանություն չունեմ»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Հետք» պարբերականի հետ զրույցում բուժհաստատություններին հեմոդիալիզի պարագաներ մատակարարող գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը հայտարարել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Պիվազյանի խոսքով՝ Սանասարյանի հրամանով և պետական վերահսկողության պաշտոնյաների միջամտությամբ մի շարք փոփոխություններ են արվել գնման գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք մատակարարած մի ընկերություն: Հրանտ Պիվազյանի պնդմամբ` փորձում են իրենց «բիզնեսը խլել»:
Նշենք նաև, որ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում արձագանքել էր, թե քանի որ ուսումնասիրությունը չի ավարտվել, ուստի մանրամասներ չեն կարող ներկայացնել։
«Անկախ շահարկումներից` մենաշնորհների դեմ պայքարը շարունակվում է», - հավելել էր նա: