21/02/2019 13:24
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարի մուտքերը 6 ամսվա ընթացքում կազմել են 859 մլն 55 հազար դրամ
Վեց ամսվա ընթացում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվեհամարի վրա եղել է 859 մլն 55 հազար դրամի մուտք, որից ծախսվել է 236 մլն դրամ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ այս ամիսների ընթացքում հիմնադրամի միջոցներով երկու գործուղում է եղել դրամահավաքի նպատակով, որից առաջինի համար ծախսվել է 832 հազար դրամ, արդյունքում հավաքագրված գումարը կազմել է 98 մլն 440 հազար դրամ, մյուս գործուղման համար ծախսվել է 3 մլն 642 հազար դրամ, որի արդյունքում հավաքագրվել է 75 մլն դրամ:
Ա.Հակոբյանն ընդգծեց, որ վեց ամիսների ընթացքում հիմնադրամին նվիրատվություն է կատարվել 114 անհատի և կազմակերպության կողմից. «Ամենամեծ գումարը կազմել է 241 մլն դրամ: Դա եղել է նպատակային նվիրատվություն՝ ուղղված Մեղրու մանկապարտեզի նորոգմանը: Ամենափոքր նվիրատվությունը կազմել է 1000 դրամ»:
Անդրադառնալով «City of smile» բարեգործական հիմնադրամին՝ Հակոբյանը նշեց, որ մինչ այս պահը հիմնադրամ մուտք է կատարվել 264 մլն դրամ՝ 85 անհատների և կազմակերպությունների կողմից:
Աննա Հակոբյանի խոսքով՝ այս պահին «City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու է հանդիսանում 100-ից ավելի երեխա: