21/02/2019 13:55
Ամուլսարի հարցով 396 հազար ԱՄՆ դոլար կտրամադրվի Քննչական կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին նախագիծը։
Նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ առաջարկվում է 396 հազար դոլարին համարժեք գումար կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին։
«Գումարը կփոխանցվի ՔԿ-ին՝ Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունների գնահատման քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննությունների ծառայություն ձեռք բերելու համար», - ասաց նա։
Նախարարը նշեց, որ նշանակված են տարատեսակ ու բազմաթիվ փորձաքննություններ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ էլի ուշացե՞լ են, թե՞ նորմալ ժամանակացույցով առաջ են գնում։
«Մենք խնդիր էինք դրել մինչև գարուն այս հարցերի պատասխաններն ունենանք, հիմա ի՞նչ տեմպով ենք առաջ գնում», - հետաքրքվեց Նիկոլ Փաշինյանը։
Հայկ Գրիգորյանն էլ պատասխանեց, որ նման գործընթացները սովորաբար տևում են վեցից ութ ամիս։
«Մենք գործընթացները հնարավորինս արագացրել ենք, փորձաքննության վերջնական եզրակացությունը կներկայացվի 12-ից 16 շաբաթվա ընթքացքում, սակայն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ընթացիկ հաշվետվություն է ներկայացվելու ու մայիսին, արդեն, նախնական արդյունք կներկայացվի», - մանրամասնեց Հայկ Գրիգորյանը։