21/02/2019 12:58
ՀՀ ժողովրդից գողացողը պետք է խայտառակվի, բարոյապես ոչնչացվի. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսպիսի դրամաշնորհներ ստացել են և էլի են ստանալու: «Երբ գումարում ենք այս դրամաշնորհնեը, աստղաբաշխական թվեր ենք ստանում, եթե այս գումարների էֆեկտիվ ծախսումը ապահովենք, չի կարող դա արդյունք չտալ, չի կարող ՀՀ քաղաքացին իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ», - ասաց նա և նշեց, որ պետք է հարյուր տոկոսանոց երաշխքիներ ստեղծեն, որ նպատակային է ծախսվում բոլոր գումարները՝ պետական միջոցները, վարկային դրամաշնորհային միջոցները:
«Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է, ուրիշ տարբերակ չկա», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կառավարության ներկայացուցիչներին հորդորեց վայրկյան անգամ զգոնությունը չթուլացնել կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի նկատմամբ:
«Այսօր էլ Հայաստանում վերցնում են կաշառք, երբ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը, դա նշանակում է, որ մենք ոչ թե ամիսը մեկ, երկու այդ հարցով ձերբակալություն ունենանք այլ՝ տասը, քսան: Ինձ չի հետարքրքում դա գործող նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է. ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ», -ասաց նա։