21/02/2019 17:40
Տպավորիչ են այն բոլոր տոները, որոնք առաջնագծում եմ դիմավորել, մայոր Սարգիս Ստեփանյանը դարձավ 36 տարեկան
ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: 36 ամյա հրամանատարը Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ ներկա պահին, ինչպես մնացած բոլոր օրերին, աշխատավայրում է, սակայն երեկոյան տոնական օրը կանցկացնի ընտանեկան մթնոլորտում:
«Ոչ միայն ծննդյանս օրը, այլև՝ ցանկացած առիթ սիրում եմ ընտանիքիս հետ նշել՝ համեստ ձևով: Այսօրն էլ բացառություն չէ: Դեռ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել, ֆիզիկապես չեմ հասցնում բոլորին պատասխանել, ինչի պատճառով ինձ վատ եմ զգում», - նշեց հոբելյարը:
Առանձնացնելով բոլոր տարիների ծննդյան տարեդարձերն՝ ընդգծեց՝ ամենահիշարժաները նրանք են, որոնք սահմանին է անցկացրել: Հարցին՝ անակնկալների սիրահա՞ր է, թե՞ նախընտրում է ի սկզբանե իմանալ, թե ինչ է իրեն սպասվում, պատասխանեց.
«Ինձ համար՝ լուրջ ու բարդ հարց է. Իհարկե, սովորաբար հաճելի է լինում, երբ չես իմանում, թե քեզ ինչ անակնկալ է սպասվում, բայց… Չգիտեմ, նայած՝ ինչ իրավիճակ է… Ասեմ, որ տպավորիչ են այն բոլոր տոները, որոնք առաջնագծում եմ դիմավորել՝ զինվորականների, մարտական ընկերներիս միջավայրում»:
Թեև դեռ ընդամենը 36, բայց մայոր Սարգիս Ստեփանյանը բուռն ու լեցուն տարիներ է ապրել՝ դժվարություններով, մահվան դեմ կռվով ու հաղթահարած տարիներ: Նվիրված ընկեր ու զինվորական, ով 2014 թվականին վիրավոր զինվորին չեզոք գոտուց դուրս բերելիս՝ կորցրեց 3 վերջույթները: Ու ներկայումս ավելի շատ ձախ ձեռքին ապավինող հրամանատարը շարունակում է ոչ միայն զինվորական առաքելությունը, այլև՝ ուժերն ակտիվորեն փորձում է սպորտում՝ գրանցելով բազմաթիվ հաջողություններ:
«Տարիները թռնելով են գնում, արդեն 5 տարի է՝ հաշմանդամություն եմ ձեռք բերել: Հաճախ եմ անցյալս վերլուծում, փորձում եմ Աստծո տված մնացյալ տարիները լավ ապրել, արարել, մի նոր բան ստեղծել, իմ փոքրիկ քայլերով պիտանի լինել իմ ժողովրդին: Փորձում եմ նաև սխալներս շտկել… Կարողացա բազկամարտի աշխարհի և Եվրոպայի հաղթող դառնալ, Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա հիմնեցինք, հարմարեցված մարզասրահ սարքեցինք… Այնպես որ, կարծում եմ՝ քիչ չեն ձեռքբերումները», -մանրամասնեց նա:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք պետությունը պատշաճ ուշադրություն է դարձնում զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռքբերած քաղաքացիներին, թե՞ դեռևս կան բացթողումներ:
«Իհարկե բացթողումներ կան, բոլորս էլ հասկանում ենք, որ միանգամից չի կարող ամեն ինչ շտկվել: Բայց աստիճանաբար դեպի լավն է գնում: Հիմա պետությունը պետք է առավել հետևողական լինի հաշմանդամություն ունեցող անձանց, տարբեր բնագավառներում առավել շատ ներգրավի նրանց, որպեսզի իրենց կյանքն էլ բոլորի նման լինի, չտարբերվի: Ինքս էլ հիմա շարունակում եմ ծառայությունս ՀՀ Զինված ուժերում, թոշակառու չեմ համարվում ու հաշմանդամության թոշակ չեմ ստանում, պատշաճ մակարդակով իմ ծառայությունն եմ կատարում: Ես մտածում եմ, որ ինձ հետ ոչինչ չի պատահել, ուզում եմ՝ ոչ թե հաշմանդամության թոշակի գնալ, այլ, ժամանակը գա՝ ծերության: Ու հպարտ եմ դրա համար, քանի որ Հայոց բանակում սպա լինելը պատվի հարց է», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Ծննդյան օրվա կապակցությամբ մայոր Ստեփանյանն ինքն իրեն միայն մեկ մաղթանք ունի՝ առողջություն:
«Առողջությունից թանկ բան աշխարհում չկա: Յուրաքանչյուրին, այդ թվում՝ ինձ, առողջություն եմ մաղթում, աշխարհին՝ խաղաղություն: Մնացած ամեն բան կարելի է ձեռք բերել աշխատասիրության շնորհիվ», - զրույցը եզրափակեց նա:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Սարգիս Ստեփանյանին՝ մաղթելով առողջություն, խաղաղ ծառայություն ու բազմաթիվ հաղթանակներ: