22/02/2019 13:19
ՄԻԵԴ ներկայացված դիմումները չեն ընկալվում որպես թշնամական ակցիա Հայաստանի նկատմամբ. Արդարադատության նախարար
Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված գանգատը չի ընկալվում որպես թշնամական ակցիա Հայաստանի նկատմամբ, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարելի է անել, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում վճիռներ չկայացվեն և մեր երկիրը չպարտվի եվրոպական դատարանում։
Ի պատասխան Զեյնալյանն ասաց, որ Հայաստանում պետք է աշխատել, որ մարդու իրավունքները չխախտվեն, ինչի արդյունքում ՄԻԵԴ դիմումները կպակասեն։
«Այդուհանդերձ, ՄԻԵԴ դիմելը գործնական, գիտական պրոցես է։ ՄԻԵԴ վճռով իրավունք է ստեղծվում, հարստացվում է իրավունքը։ Դա իրադարձություն է ոչ միայն իրավական ոլորտում, այլ նաև քաղաքական, հասարակական ոլորտներում։ ՄԻԵԴ վճիռները ոչ միայն Հայաստանի դեմ կայացված, այլ նաև Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների դեմ են կայացված։ Մենք հաշվի ենք առնում, նկատի ենք ունենում դա», - ասաց արդարադատության նախարարը։