22/02/2019 12:06
Բանտերում սննդի, հացի որակը բարելավել է, ես անձամբ այցելում եմ, համտեսում եմ. Արտակ Զեյնալյան
Այս պահին քրեակատարողական հիմնարկներում 2266 ազատազրկված անձ կա՝ 966 կալանավոր և 1303 դատապարտյալ, այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Այս պահի դրությամբ հացադուլ է իրականացնում 10 դատապարտյալ՝ 2-ը «Արմավիր», 1-ը՝ «Արթիկ», 1-ը՝ «Վանաձոր» և 6-ը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում։
Նախարարը պատգամավորներին զեկուցեց, որ քրեակատարողական հիմնարկներում սննդի որակն է բարելավվել։ Նման հայտարարության հիմքը իրավապաշտպանների, դատապարտյալների ու նրանց հարազատների ահազանգերն են։
«Խիստ պակասել են հանձնուքների քանակը, խիստ են պակասել։ Պատկերացրեք՝ ամանորյա հանձնուքների քանակը այս բոլոր դատպարատյալների համար եղել է այնքան, որքան սովորաբար լինում էր «Նուբարաշեն»-ի մեկ օրվա հանձնուքները։ Այդ աստիճան պակասել են։ Նաև հացի որակն է բարելավել։ Ես անձամբ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, համտեսում եմ և նաև այդ թեմայով առանձնազրույց եմ ունենում դատապարտյալների հետ», - ներկայացրեց նախարարը։
Խոսելով քրեակատարողական հիմնարկների ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝ Զեյնալյանն ասաց, որ օրենսդրական փոփոխություն են նախաձեռնում, որի համաձայն, ցմահ դատապարտյալները կամ առանձնապես ծանր հանցանք գործած դատապարտյալները իրենց պատիժը չկրեն միայն մեկ հիմնարկում, տեղափոխվեն այլ ՔԿՀ-ներ ու պատիժը շարունակեն կրել նաև մյուս դատապարտյալների հետ։ Նախարարի ներկայացմամբ, այդպիսով փորձելու են այնպես անել, որ դատապարտյալը հասկանա, որ պատժի կրման ռեժիմի փոփոխությունը խրախուսման միջոց է և իր վարքագիծը կանխորոշելու է իր պատժի պայմանները։
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին, ապա ըստ նախարարի, 3 քրեակատարողական հիմնարկ փոխելու կարիք կա։ Դրանք են՝ «Գորիս», «Նուբարաշեն», ինչպես նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները։ «Գորիս» ՔԿՀ-ի փոխարեն նորը կկառուցվի, ինչի համար արդեն կա տարածք ու նախագիծ, «Նուբարաշենը» կվերանորոգվի, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն կտեղափոխվի։
ԱԺ մարդու իրավունքների և հանրայն հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ «Նուբարաշենը» փակվելու է ու հարցերց. «Եթե փակվելու է, ապա ի՞նչն են վերանորոգում»։
«Պետական բյուջեից 280 մլն դրամ հատկացվել է ոչ միայն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վերանորոգմանը, այլ նաև՝ «Սևան» ՔԿՀ-ի։ Այդ գումարով նախատեսված է արտաքին պատի վերանորոգում, ջրահեռացման ու էլեկտրական համակարգի նորոգում մի շարք հաստատություններում։ Վերանորոգումն անհրաժեշտ է, քանի որ եթե մենք միջոցները հայթայթենք ու տեղափոխենք, «Նուբարաշենը» մի քանի տարի տևելու է, ու այդ պայմաններում դատապարտյալներին ու կալանավորներին այդտեղ պահել չենք ցանկանում։ Տանելի պայմաններ ենք ցանկանում ապահովել», - ի պատասխան ասաց արդարադատության նախարարը։
Խոսելով քրեակատարողական համակարգում բուժծառայության համակարգի մասին՝ Զեյնալյանն ասաց, որ այն պետք է ենթակա չլինի քրեակատարողական ծառայությանը։
«Կա կառավարության որոշում, որի համաձայն քրեակատարողական հիմնարկներում բուժծառայությունը անցնելու է արդարադատության նախարարության ուղիղ ենթակայության տակ։ Բարեփոխումների մեծ փաթեթ է նախապատրաստած։ Այս համակարգում շուրջ 30 տոկոս հաստիքները թափուր են և այն բոլորովին հրապուրիչ չէ, որ անձինք, բուժաշխատողները դիմեն ու անցնեն աշխատանքի։ Դրա համար մենք այստեղ պետք է բարձրացնենք սոցիալական ապահովության մակարդակը, որ կարողանանք ապահովել բուժանձնակազմին», - նշեց նախարարը։