22/02/2019 17:42
Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից, որում ընտրվել էր երկու տարի առաջ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանը:
«Վիգեն Չալդրանյանը ԱՄՆ-ից նամակ էր ուղարկել, տեղեկացնելով, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող շարունակել և հրաժարվում է այդ պաշտոնից: Նամակը ստանալուց հետո որոշ ժամանակ սպասեցինք՝ մտածելով, որ կարող է փոխել որոշումը, բայց այդպես չեղավ», - ափսոսանքով նշեց Հարություն Խաչատրյանը:
Ներկայումս Կինոակադեմիայում ստեղծվել է նախագահություն, որի կազմում են Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Ղազարյանը, Էդգար Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը, Աննա Երզնկյանը, Մարտին Ադոյանն ու Հարություն Խաչատրյանը: Նախագահ ընտրելու հարցում չեն շտապում: Սակայն, Հարություն Խաչատրյանն անձամբ հրաժարվել է այդ պաշտոնում նորից ընտրվելու մտքից: Ասում է՝ հնարավոր չէ լինել և՛ Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և՛ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ:
«Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռը», - ընդգծեց Հարություն Խաչատրյանը: