25/02/2019 14:41
«Ուզում եմ ռադիոյին նոր շունչ տալ». Ռուբեն Շահինյանը առաջադրվում է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի մրցույթում
Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում այսօր առաջադրման փաստաթղթերն է պատրաստվում ներկայացնել Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը։
«Սիրում եմ աշխատել, սիրում եմ շատ աշխատել, իսկ ռադիոյում շատ աշխատելու տեղ կա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում իր թեկնածության առաջադրումը բացատրեց Ռուբեն Շահինյանը։
Վերջինն ասաց, որ արդեն տասը տարի է՝ տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում է Հանրային հեռուստաընկերության հետ, իսկ վերջին շրջանում Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի պրոդյուսերն է։
«Ուզում եմ ռադիոյին նոր շունչ տալ», - ասաց Ռուբեն Շահինյանը։
Նա առայժմ վաղ է համարում ներկայացնել, թե մասնավորապես, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու ռադիոյում ընտրվելու դեպքում։ Սակայն, ըստ նրա, դրանք շատ են։
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական էր տվել դեկտեմբերի 19-ին՝ ռադիոյի բազմաթիվ աշխատակիցների բողոքի ակցիաների ու նրանց պահանջների ներքո։
Նկատենք, որ ավելի վաղ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթ:
Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով լրագրության, իրավագիտության և/կամ հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում հեղինակավոր և որակյալ մասնագետ է, գիտության, մշակույթի և/կամ արվեստի գործիչ, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում,
բ) անձնագրի պատճեն,
գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,
դ) ինքնակենսագրություն (մանրամասն),
ե) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
զ) երկու լուսանկար՝ 3x4 չափսի:
Փաստաթղթերը մրցույթի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին են ներկայացվում մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարմանը հաջորդող տասն օրվա ընթացքում (բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի) ժամը 11:00-ից մինչև 17:00, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ալեք Մանուկյան 5 հասցեով (հեռ. 010-57-85-02, 091-425-722): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը մրցույթի մասնակիցների փաստաթղթերն ընդունելու վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը և որոշում է կայացնում մրցույթում հաղթող ճանաչելու մասին: Անհրաժեշտության դեպքում, մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը, հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց: