25/02/2019 10:32
Կրակոցներ` Էրեբունիում. ոստիկանները պարզել են դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը (լուսանկարներ)
Փետրվարի 24-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ հիվանդը տեղափոխվել է Այվազովսկու փողոցից:
Նույն օրը, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ևս մեկ հաղորդում է ստացվել՝ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 26-ամյա երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Այվազովսկու փողոցում:
Նույն օրը, ժամը 22.15-ին, հիվանդանոցից երրորդ հաղորդումն է ստացվել՝ «աջ ազդրի հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ ավտոմեքենան վարելու ժամանակ Էրեբունու տարածքում զգացել է ոտքի ցավ և լսել ուժեղ ձայն:
Նույն օրը Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, իսկ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/1 հասցեում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:
Ոստիկանության ծառայողները ճշտել են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ, ճշտվել է դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը, սակայն քննության շահերից ելնելով հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: