25/02/2019 15:52
«Մալադեց չծառայողներին». Բանակում չծառայելու համար վճարելու և քրեական հետապնդումից ազատվելու մասին օրինագիծը հաստատվեց ԱԺ-ում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Փաստաթղթով պատգամավորն առաջարկում է փոխել սահմանված «2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը «2018 թվականի դեկտեմբերի 31-ը բառերով, ինչը հնարավորություն կտա 2018 թվականի ընթացքում 27 տարին լրացած քաղաքացիներին վերադառնալ Հայաստան ու համապատասխան ընթացակարգերով վճարել սահմանված գումարը ու ազատվել քրեական հետապնդումից։
Գորգիսյանը օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացնելիս ասաց, թե առաջարկ է եղել, որ դեկտեմբերի 31-ի փոխարեն դիտարկվի 2019 թվականի մարտի 1-ը՝ ընդգրկելով ավելի երկար ժամանակահատված։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը դեմ չէր առաջարկին, ողջունեց այն և ասաց, որ հունվար-փետրվար ամիսներին նույնպես անձինք կարող են ներկայանալ, վճարել սահմանված գումարը և խուսափել քրեական պատասխանատվությունից։
ԱԺ Պատգամավոր Վարդան Վարդանյանը հետաքրքրվեց՝ եթե մայիսի 1-ին է լրանում անձի 27 տարին, ապա ի՞նչ է արվելու այդ դեպքում, ի պատասխան Գորգիսյանն ասաց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ տարեվերջին։ Պատգամավորը նաև նշեց, որ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է նոր քաղաքականություն իրականացնել այս հարցի շուրջ։
«Այսպես ամեն տարի փոփոխելով ժամանակահատվածը, չեմ կարծում, թե լավ լուծում է», - ասաց Գորգիսյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատեց, որ այս օրինագծով, որն ամեն տարի փոփոխվում է, ասում ենք՝ «մալադեց չծառայողներին»։
«Էս հարցին վերջնական լուծում է պետք տալ։ Ամեն տարի սենց փոխում ենք ժամկետները ու փող վերցնելով ասում ենք՝ մալադեց չծառայելու համար», - հավելեց Միքայելյանը։
Ի պատասխան՝ Գորգիսյանն ասաց, որ այդ հարցի մասին խոսել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որն ասել է, թե պատրաստվում են հարցին համակարգային լուծում տալ, բայց այդ լուծումը ուշանում է։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ 2003 թվականից մինչ այժմ օրենքի պարբերական փոփոխությունների արդյունքում 9800 քաղաքացի վերադարձել է Հայաստան ու վճարելով չծառայելու դիմաց ազատվել է քրեական պատասխանատվությունից։ Այս պահի դրությամբ զինապարտությունից խուսափելու համար 27-35 տարեկան 3225 հետախուզվող կա։ Նկատենք, որ 35 տարեկանից հետո քրեական հետախուզումը դադարեցվում է։
«Պետք է այնպիսի լուծում գտնենք, որ հնարավորինս շատ մարդ կարողանա վերադառնալ Հայաստան՝ բայց այդպիսով չվնասենք ոչ զորակոչին, ոչ մեր պաշտպանական համակարգին», - ասաց Քոչարյանը։