25/02/2019 18:45
Կարևորագույն և անհետաձգելի խնդիրները կարելի է փոխառու միջոցներով իրականացնել. տնտեսագետ
Եթե ուղիղ ներդրումները որոշակի դժվարություններ են հարուցում, կարևորագույն և անհետաձգելի խնդիրները կարելի է փոխառու միջոցներով իրականացնել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառմանը, ուր վերջինս նշում է, որ եթե ուղղակի ներդրումներով հնարավոր չէ ապահովել ՀՀ տնտեսության անհրաժեշտ ծավալները, պետք է առավելապես փոխառու միջոցներ ներգրավել։
Տնտեսագետի համոզմամբ, սակայն, փոխառու միջոցների ներգրավմամբ մենք հայտնվում ենք մեծ ռիսկերի առջև։ Նման պարագայում, ըստ Բոստանջյանի, պետք է մտածել մոտեցումներ, սխեմաներ և սկզբունքներ, համաձայն որոնց փոխառու միջոցները չափազանց ռացիոնալ և արդյունավետ կօգտագործվեն։
«Ցավոք, այս պահին դրա համար չենք կարող ընդգծված երաշխիքներ տալ։ Մոտավորապես, եթե ներդրումային գործունեություն էլ չանվանենք և պատկերացնենք միայն այն վարկային միջոցները, որ մենք ստացել ենք միջազգային ֆինանսական կազմակերպություններից և հիշենք 7 միլիարդը գերազանցող մեր պետական պարտքը, փոխառու միջոցներ ներգրավելը ճիշտ քայլ կլինի։ Ըստ էության, մենք շարունակաբար ասում ենք, որ ունենք խիստ անարդյունավետություն դրա սպասարկման և կառավարման առումներով։ Այսինքն՝ դրամական միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում», - նշեց Վարդան Բոստանջյանը։
Տնտեսագետն ընդգծեց՝ փոխառու միջոցների ներգրավմամբ միանգամայն հնարավոր է ներդրումային ծրագրեր իրականացնել, բայց միաժամանակ պետք է մեծ վստահություն ունենալ տվյալ ծրագրի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի փոխառու միջոցները հետ վերադարձնել։
«Քանի որ ինստիտուցիոնալ և իրավական կտրվածքով ունենք կանոնակարգվածության ոչ բարձր մակարդակ, լրացուցիչ ռիսկեր միշտ են լինելու։ Կանոնակարգված բոլոր երկրներում գրեթե հավասարության սկզբունքով ներդրումային ծրագրերն իրականացվում են նաև փոխառու միջոցների ներգրավմամբ», - ամփոփեց մեր զրուցակիցը։