25/02/2019 09:40
ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեռ չեն քննարկել ՀՀ վարչապետի նախաձեռնած՝ մարտի 1-ի երթին մասնակցելու հարցը
Քանի որ նիստ չենք ունեցել, չենք քննարկել՝ մասնակցելո՞ւ ենք մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական երթին, թե ոչ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները, ավանդույթի համաձայն, Մարտի 1-ի զոհերի հիշատակին ծաղիկներ են խոնարհում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ։
«Կարծում եմ՝ այս տարի ևս նույնը կանենք։ Մեկ անգամ է եղել, որ քարոզարշավի մեջ ենք եղել, «Ելք» դաշինքի ժամանակ երթ ենք արել։ Կքննարկենք», - ասաց պատգամավորը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ մարտի 1-ի երթին մասնակցել-չմասկացելու հարցը դեռ չեն քննարկել։
«Ամեն տարի, ընդհանրապես, մեր հարգանքի տուրքը մատուցում ենք։ Միշտ գնացել ենք, այս տարի ևս գնալու ենք, բայց այդ հարցը դեռևս չի քննարկվել», - հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այս տարի լրանում է մարտիմեկյան հայտնի իրադարձությունների 11-ամյա տարելիցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ այդ օրն իրենք ցանկանում են քաղաքացիական հզոր երթ կազմակերպել՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։
Երթը, ըստ Նիկոլ Փաշինյնաի, նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին։