25/02/2019 12:43
100 տոկոս համամասնական ընտրակարգի շուրջ վարչապետի դիրքորոշումը կձևավորվի խորհրդակցությունների արդյունքում. պարզաբանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու մասին դիրքորոշումը վերջնականապես կձևավորվի այդ հարցի շուրջ քննարկումների և քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում, ի պատասխան Aysor.am-ի հարցման՝ հայտնել են կառավարությունից։
Նշենք, որ կառավարությունից հետաքրքրվել էինք, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետը ՀԱԿ-ի՝ օրեր առաջ հնչեցրած առաջարկի առնչությամբ, այն է՝ որոշակի պահի անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի։
Կառավարությանը նաև հարց էինք ուղղել՝ ինչպիսին է գործադիրի ղեկավարի դիրքորոշումը ՀԱԿ-ի մեկ այլ առաջարկի վերաբերյալ՝ մեկ տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե իրականացնել և վերադառնալ կիսանախագահական կառավարման համակարգի։
Ի պատասխան մեր այս հարցի՝ կառավարությունից ուղարկել են վարչապետի՝ փետրվարի 13-ին ԱԺ-ում ելույթի յութուբյան հղումը, ուր վերջինս նշում է, որ կառավարման ներկայիս համակարգը հոգեհարազատ է իրեն։
Նշված ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
«Օրինակ, եթե ես հիմա այս առիթները չունենայի և ենթադրենք՝ լինեի այն լիազորություններով ՀՀ նախագահ, այդ վիճակին չէի դիմանա, որովհետև ինձ, որպես հրապարակային քաղաքական գործիչ, շատ անհրաժեշտ է լինել այս ամբիոններում, լսել հարցեր, ստանալ պատասխանններ և գաղափարներն անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ։
Իհարկե, այնպես չէ, որ նախագահն այդ հնարավորությունը չունի, բայց այդ հնարավորությունները պակաս ժողովրդավարական են, որովհետև, օրինակ, պատգամավորները նախագահին հարց տալու առիթ չունեն, և դա շատ վատ է։ Խորհրդարանաան վերահսկողության համակարգերը, որոնք միանշանակ մեծանալու են և առավել արդյունավետ են դառնալու, շատ կարևոր են։ Վերահսկողության հարցում, իմ պատկերացմամբ, ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը»։