26/02/2019 18:55
Հավի ճուտ չի, որ մորթենք, ասենք՝ մի թվով կրճատեցինք. Արման Նավասարդյանը Համազգային թատրոնը լուծարելու գաղափարը համարում է չիմացության արդյունք
Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք ՊՈԱԿ-ների, այդ թվում՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հավանական լուծարման մասին տեղեկությանը թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը լրատվամիջոցներից է իմացել, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց բեյրության հյուրախաղերից ժամեր առաջ Հայաստան վերադարձած տնօրենը:
«Ի՞նչ է նշանակում այն հայտարարությունը, թե Համազգայինը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա: Այսինքն՝ Շահում Ղազարյանը, Մայիս Կարագյոզյանը, Գալյա Նովենցը Սոս Սարգսյանի ուսանողնե՞րն էին: 1991 թվականին Սոս Սարգսյանը կուրս չուներ, որ թատրոնն էլ դրա հիմքի վրա բացեր: Եվ հետո, ասել, թե մեր թատրոնը ժանրային առանձնահատկություն չունի, առնվազն անհեթեթ է: Ի՞նչ է նշանակում ժանրային առանձնահատկություն, ո՞վ եկավ տեսավ այս թատրոնն ինչ վիճակում է, ի՞նչ ներկայացումներ է բեմադրում, որ մի հատ էլ որոշեց ժանրային առանձնահատկությունը: Ի՞նչ է նշանակում, թե Համազգային թատրոնը կուսակցական թատրոն է: Այդ ե՞րբ է այս թատրոնը կուսակցական պիես բեմադրել, այդ ո՞ր ներկայացումն է, որ այս կամ այն կուսակցության պատվերով է պատրաստվել, կամ՝ գոնե նման թեմա է ունեցել: Երբևէ կուսակցության քարոզ գնացե՞լ է մեր բեմից: Խնդրեմ, թող մատնացույց անեն: Այս ամենը Համազգայինի մասին չիմացության արդյունք է, ուրիշ ոչինչ», - զայրույթով նշեց Արման Նավասարդյանը:
Թատրոնի տնօրենը չի պատրաստվում հանդիպել Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին: Ասում է՝ հանդիպեմ, որ Համազզգայինի պատմությո՞ւնը պատմեմ մի մարդու, ով այդ մասին գոնե ի պաշտոնե պետք է իմանար:
Նկատառմանը՝ նախարարությունը թատրոնի լուծարմանն այլընտրանք առաջարկում է այն մտցնել ինստիտուտի կազմի մեջ և ուսանողների համար նաև փորձարարական հարթակ դարձնել, պատասխանեց.
«Մեր թատրոնի պրոֆեսիոնալ դերասանները, այս մեծ խաղացանկը ի՞նչ կապ ունեն ուսանողական թատրոնի հետ: Որ գային թատրոն, այդքան բանը կհասկանային: Հիմա ես չեմ կարող ասել, թե ինչ ենք անելու: Որոշողը Նազենի Ղարիբյանը չի, նա ընդամենը առաջարկություն է անելու Կառավարությանը, մենք ամեն ինչ պիտի անենք, որ չհաստատվի: Այդ հարցում մեզ կարող են օգնել և՛ լրագրողները, և՛ ակտիվ հանդիսատեսը, և՛ թատերական գործիչները: Հավի ճուտ չի, որ մորթենք, ասենք՝ մի թվով կրճատեցինք… Ասում են՝ այս փաստաթղթերը ինֆորմացիայի արտահոսքի արդյունքում են հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում: Եթե այդպես է, ապա դա նախարարության վատ աշխատանքի արդյունքն է, թող լավ աշխատեին, արտահոսք չլիներ»:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում գործող Սոս Սարգսյանի անվան պետական թատրոնին շուրջ մեկ տարի առաջ պետության կողմից տարածք հատկացվեց՝ սեփական շենք կառուցելու համար. Թատերական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում արդեն մի քանի օր է՝ շինարարական աշխատանքներ են սկսվել՝ Համազգայինի նոր շենքն է կառուցվում: 2018-ի տարեվերջին թատրոնի տնօրեն դարձած Արման Նավասարդյանը հստակեցրեց՝ այս երկու ամսվա ընթացքում ահռելի աշխատանքներ են կատարվել թատրոնում, իրենցից (Մշակույթի նախարարությունից) որևէ մեկը գնացել տեսե՞լ է, թե՞ ինչեր են արել:
«Մենք հունվարի 28-ին պրեմիերա ունեցանք, ինքս Նազենի Ղարիբյանին հրավիրատոմս եմ ուղարկել: Չեկավ, չնայեց: Երևի հետաքրքիր չի իրեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արման Նավասարդյանը: