26/02/2019 15:45
Պատրաստվում են թանկացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը. Բաբկեն Պիպոյան
Պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
«Սկզբում պլանավորել էին ակցիզային հարկը բարձրացնել միայն շաքար պարունակող խմիչքների համար, բայց կարծես քննարկում են ամբողջ տեսականին թանկացնելու համար», - ասաց սպառողների շահերի պաշտպանը։
Նրա խոսքով՝ շաքար պարունակող գազավորված խմիչքները կարելի էր առողջապահության նախարարի դրական եզրակացությունով թանկացնել, այդպիսով նաև գնալով սպառման ծավալների նվազեցման։
«Բայց շաքարի փոխարինիչ պարունակող ապրանքների ակցիզային հարկը էժան խմիչքների տեղական արտադրությունը վտանգի տակ է դնում, որովհետև մեկ լիտրի հաշվարկով մոտ 40 դրամի թանկացում է լինելու, դա տանելու է շուկայում ապրանքի առնվազն 20 տոկոս թանկացման։ Սրանց այլընտրանք են դառնալու շատ ցածրակարգ բնական հյութեր կոչվածները։ Եվ քանի որ դրանք էլ որակապես զիջում են, արդյունքում ունենալու ենք ընդամենը իրացման ծավալների նվազում, ինչը իր հերթին չի ապահովելու սպասված մուտքերը բյուջեի մասով, ինչը որ ակնկալում են այս ակցիզային հարկի թանկացումով», - ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նա նշեց նաև, թե այս ամենի հետևանքով միայն սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակ ենք ունենալու, որովհետև ինչ-որ խմբի համար ավելի անհասանելի է դառնալու այս ապրանքը, մնացածն էլ սպառելու են, բայց ավելի քիչ։
«Ցավալի է, բայց փաստ՝ հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի: Թանկացման վերաբերյալ եթե քննարկում եղել էլ է, այն եղել է նախնական որոշում կայացնելուց հետ։ Այսինքն՝ ոչ թե քննարկել ենք հասկանալու, արժե այսպիսի որոշում կայացնել, թե ոչ, այլ որոշում ենք կայացնում, հետո նոր քննարկում են։ Դա լավ բան չի, երբ դու պետք է ոչ թե քննարկես, այլ փորձես հակազդել», - եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։