26/02/2019 12:34
Իրանի ԱԳ նախարարի հրաժարականի հետ կապված հարցեր կան, սակայն կոնկրետ պատճառներ՝ ոչ. Իրանագետ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռևս չկա, սակայն որոշ փորձագետներ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս քայլը կապում են ներքաղաքական մի շարք խնդիրների հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Որպես խնդրահարույց հարցեր՝ մեր զրուցակիցն առանձնացրեց իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, ահաբեկչության դեմ պայքարի ֆինանսավորման կոնվենցիան և այլն։
«Բազմաթիվ այսպիսի հարցեր կան, սակայն կոնկրետ պատճառներ՝ ոչ։ Միաժամանակ, պետք է նշել, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հերքել է, որ նախագահ Ռոհանին ընդունել է Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը։ Ներկայում մեջլիսի պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել՝ դիմելու նախագահին, որպեսզի վերջինս չընդունի արտգործնախարարի հրաժարականը, և Զարիֆին հնարավորութուն տրվի շարունակել պաշտոնավարումը», - նշեց Արմեն Իսրայելյանը։
Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իրանի ԱԳ նախարարն իր հրաժարականի մասին հայտնել է ինստագրամյան էջում, այն դեպքում, երբ առավել ակտիվ է թվիթեր սոցիալական ցանցում։
«Դրանից հետո հրաժարականի վերաբերյալ միակ պաշտոնական հաստատումը եղել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակի տեղակալի կողմից։ Նա IRNA գործակալությանը հարցազրույց է տվել՝ հաստատելով ավելի շուտ լուրը, քան բուն հրաժարականը։ Իրանական բոլոր լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են Զարիֆի հրաժարականի թեմային՝ հղում անելով միայն վերջինիս ինստագրամյան էջին», - ասաց իրանագետը։
Արմեն Իսրայելյանը միաժամանակ հավելեց, որ նախագահ Հասան Ռոհանիի կառավարությանը մշտապես քննադատող իրանական ընդդիմությունը ողջունել է Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը։
«Քննադատություն կար ինչպես Ռոհանիի, այնպես էլ Զարիֆի հասցեին։ Մասնավորապես, ընդդիմախոսները շեշտում էին, որ թեև Իրանը ստորագրել է միջուկային համաձայնագիրը, սակայն Միացյալ նահանգները դուրս եկավ այդ համաձայնագրից», - ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարի անսպասելի հրաժարականի մասին հայտնի էր դարձել երեկ կեսգիշերին մոտ։
Նշենք, որ վաղը՝ փետրվարի 27-ին, նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան։