26/02/2019 17:10
Կիսանախագահական կառավարմանը վերադառնալու առաջարկը ՀՀ-ն մշտապես ճգնաժամի մեջ պահելու առաջարկ է. քաղաքագետ
ՀԱԿ-ի առաջարկը Հայաստանին մշտապես ճգնաժամի մեջ պահելու առաջարկ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի՝ սա կնշանակի կրկնել ցիկլը, մինչդեռ հիմա հարցը լավ խորհրդարանական հանրապետություն դառնալու մեջ է:
«Սա ապացուցել է իր անկենսունակությունը Հայաստանում: Եթե կենսունակ լիներ, կմնա՞ր չէ», - նշեց նա:
Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ ՀԱԿ առաջարկը որակեցին որպես իշխանությունների հետ համաձայնեցված փորձ՝ տեսնելու, թե ինչպես հասարակությունը կարձագանքի այդ առաջարկին՝ փորձագետը նշեց.
«Չեմ կարծում: Հստակ հայտարարվեց, որ կիսանախագահականին վերադարձ չի լինի: Դա նշանակում է, որ ՀԱԿ-ը շահարկում է, կեղծում է, մանիպուլյացիա է ենթարկում Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի պայքարի համատեղ այն դրվագը, որ կա վերջին շրջանում»:
Շիրինյանն ընդգծեց, որ կիսանախագահական մոդելն իր անարդյունավետությունը 30 տարիների ընթացքում ապացուցել է ու հնին վերադառնալու փոխարեն պիտի զարգացնել խորհրդարանական համակարգը՝ հավասարակշռություն ապահովելով իշխանության թեևերի միջև:
«Վարչապետի կարգավիճակը պիտի հստակեցնել: Ես առաջարկ ունեմ՝ վարչապետը պիտի գերմանական մոդելը վերցնի: Դա կոչվում է կանցլերական դեմոկրատիա, որտեղ կանցլերն ունի լավագույն լիազորությունները, խորհրդարանը շատ կենսունակ է և հավասարակշռում է կանցլերին», - ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի տեսակետներին, որ Սահմանադրության մեջ կատարվելիք առաջին փոփոխությունները սուպերվարչապետության նվազմանն ուղղված քայլերը պետք է լինեն, Շիրինյանն ասաց, որ համակարգը ելել է նախկին ռեժիմից ու այն կարգավորվելու անհրաժեշտություն կա: Քաղաքագետը նկատեց, որ կարելի է վերցնել Ավստրիայի օրինակը, որտեղ Սահմանադրությունը 1920 թ-ից չի փոխվել և այն կատարյալ պետություն է որպես խորհրդարանական մոդելով կառավարվող պետություն:
Նա ընդգծեց, որ պետք է նաև հստակեցնել, թե ուժային կառույցները ում ենթակայության տակ պիտի գտնվեն: Ըստ Շիրինյանի՝ ոչ մշտապես, բայց մեկ-երկու տարի անցումային շրջանի փուլում դրանք պիտի գտնվեն վարչապետի ենթակայության տակ:
«Հիմա անցումային շրջան է ու երկիրն անկայուն վիճակում է: Նորմալ վիճակում դրանք պիտի կառավարությանը ենթարկվեն և հաշվետու լինեն խորհրդարանին, ինչպես ընդունված է և արվում է: Բայց կարծում եմ, որոշակի պայմանավորվածություններով դրանք պիտի թողել վարչապետի ենթակայության տակ, քանի որ պատերազմական վիճակում ենք ու անցումը հեղափոխությունից հետո խառնաշփոթ է առաջացրել: ՀՀ նախկին վիճակի պատասխանատուները կուսական տեսքով կագնել ու ասում են, որ իրենց ժամանակ լավ էր, ՀՀ այս վիճակը պիտի հաղթահարվի, ինչը ենթադրում է իշխանության որոշակի կենտրոնացվածություն: Անցումը պիտի ապահովվի», - նկատեց նա: