26/02/2019 12:04
ԱԱԾ-ն ոչ հաստատում, ոչ հերքում է ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալման լուրը
Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին ոչ հաստատում, ոչ հերքում է Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաների ձերբակալության մասին տեղեկությունը։
«Այս պահին մենք պարզաբանում չենք տալիս։ Առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանդես կգա հայտարարությամբ», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ լրատվական կենտրոնի պատասխանատու Սամսոն Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հերքում կամ հաստատում են ՊՎԾ պաշտոնյաների ձերբակալության մասին տեղեկությունը։
Նույն տեղեկությունը ավելի վաղ Aysor.am-ը փորձել էր ճշտել նաև ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանից, սակայն վերջինն ասել էր, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում:
Նշենք, որ երեկ գիշերը «Analitik.am» լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին՝ Դավիթ և Սամվել Ադյաններին:
Այսօր էլ իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր էջում հաստատել է, որ ձերբակալվել է ոչ թե 4, այլ ՊՎԾ մեկ պաշտոնյա։