26/02/2019 13:31
Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են. Դավիթ Ադյան
Պետական վերահսկողական ծառայության վարչության պետ Դավիթ Ադյանը հերքում է տեղեկությունները, թե ԱԱԾ-ն ձերբակալել է իրեն։
«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են», - Facebook-յան իր էջում գրել է Դավիթ Ադյանը։
Ավելի վաղ, Aysor.am-ի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել էր Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաների ձերբակալության մասին տեղեկությունը։
«Առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանդես կգա հայտարարությամբ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԱԱԾ լրատվական կենտրոնի պատասխանատու Սամսոն Գալստյանը:
Նույն տեղեկությունը ավելի վաղ Aysor.am-ը փորձել էր ճշտել նաև ՊՎԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանից, սակայն վերջինն ասել էր, որ նման տեղեկատվության իրենք չեն տիրապետում:
Նշենք, որ երեկ գիշերը «Analitik.am» լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին՝ Դավիթ և Սամվել Ադյաններին: