26/02/2019 16:45
Իրանի ԱԳ նախարարի հրաժարականը որևէ կերպ չի ազդի ԱՄՆ-Իրան հարաբերությունների վրա. Սուրեն Սարգսյան
Չեմ կարծում, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը որևէ կերպ կազդի ԱՄՆ-Իրան հարաբերությունների կամ դրանց հետագա ընթացքի վրա։ Իրանցի պաշտոնյայի հրաժարականի ֆոնին երկու երկրների միջև դժվար թե այլ քաղաքական իրողություն կամ մթնոլորտ ձևավորվի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Իրանի արտգործնախարարի հրաժարականը ես համարում եմ զուտ ներքաղաքական գործընթաց, որն, իհարկե, արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Մոհամմադ Ջավադ Զարիֆը լուրջ և պրոֆեսիոնալ դիվանագետ էր, բավական երկար տարիների աշխատանքային փորձ ուներ և մշտապես արձագանքում էր բոլոր գործընթացներին», - ասաց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ամերիկյան մամուլն առայժմ չի շտապում հետևություններ անել իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի թեմայի շուրջ, քանի որ ամեն ինչ դեռ շատ նոր է։
«Բայց կարծում եմ՝ մոտ օրերի ընթացքում լրացուցիչ տեղեկություններ կլինեն։ Այնպես որ, սպասենք մի քանի օր ևս՝ հասկանալու, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում», - ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով իրանա-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակին՝ Սուրեն Սարգսյանը դրանք որակեց «սառը պատերազմական»՝ նշելով, որ վերջին տասնամյակներում դրանք շարունակում են անփոփոխ մնալ։
Երկու երկրները շահերի բախումներ ունեն աշխարհի հնարավոր բոլոր տարածաշրջաններում։ Իրանի և Միացյալ նահանագների շահերի բախումը կրում է մշտական բնույթ, և մոտ ապագայում իրանա-ամերիկյան հարաբերություններում բարելավման գործընթաց չեմ ակնկալում», - ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարի անսպասելի հրաժարականի մասին հայտնի էր դարձել երեկ կեսգիշերին մոտ։ Ինքը՝ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն, այդ մասին տեղեկացրել էր ինստագրամյան իր էջում։ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հերքել էր, որ նախագահ Ռոհանին ընդունել է նախարարի հրաժարականը։ Ներկայում մեջլիսի պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել՝ դիմելու նախագահին, որպեսզի վերջինս չընդունի Զարիֆի հրաժարականը, և նրան հնարավորութուն տրվի շարունակել պաշտոնավարումը։