26/02/2019 18:11
Եղած իրավիճակում զգաստանալն ու զգաստացնելը լավ բան է. Երևանում մեկնարկել է «Հայրենիք չունենք զիջելու» ակցիան
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիք չունենք զիջելու» ակցիան, որի հիմնական մասնակիցներն Արցախյան ազատամարտի մասնակիցներն են։
«Հեղափոխական այս իրավիճակին զուգահեռ չի կարելի մոռանալ հայրենասիրական դաշտը։ Այս ակցիայով ուզում ենք հարցի վերաբերյալ մեր կարծիքն արտահայտել ու արթնացնել նաև երիտասարդությանը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Երդվյալ ազատամրտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը։
Դիտարկմանը՝ ինչու՞ է հիմա կազմակերպվել այս հավաքն, ու իշխանության կողմից նկատու՞մ են զիջումների գնալու միտումներ, Գևորգյանն արձագանքեց.
«Դեռ հարց է՝ այսօրվա իշխանությունը հող հանձնո՞ղ է, թե՞ հանձնող չէ, չի կարելի մեղադրել, բայց եղած իրավիճակում զգաստանալն ու զգաստացնելը լավ բան է։ Մենք պարտավոր ենք, որպես այս երկրի համար պայքարած տղերք, մեր խոսքն ասել։ Սա մեղադրանք չէ, ակցիա չէ իշխանության դեմ, թե «էս ի՞նչ եք անում», պարզապես մեր կարծիքի արտահայտումն է», - ասաց «Երդվյալ ազատամրտիկների միության» նախագահը։