26/02/2019 16:41
Կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարատում. Բռնցքամարտի ֆեդերացիա
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտարարել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցը, որը սնվում է պետբյուջեից, իր մարզիկներին արգելել է մասնակցել առաջնությանը: Բարեբախտաբար, մի քանի ծնողներ հասկանալով, որ իրենց երեխայի ապագան ավելի կարևոր է, քան տվյալ մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումները, այսօր եկել են ֆեդերացիա` դիմում գրել, որից հետո ֆեդերացիան տվյալ մարզիկներին թույլատրել է մասնակցել առաջնությանը: Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել և մասնակցել նաև կշռման արարողությանը, սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է, որ չմասնակցեն առաջնությանը: Այժմ տվյալ մարզադպորցի սաները մասնակցում են մրցումներին այլ հայտով:
Առաջնությանը չի մասնակցում միայն Կոտայքի մարզը, որի մարզադպրոցների մարզիչները սաներին արգելել են մասնակցել: Հուսով ենք կառավարությունը կարձագանքի և վերջ կդրվի այս ապօրինի գործողություններին, քանի որ կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարատում», - նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ։
Նշենք, որ նախօրեին սպորտի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, թե բռնցքամարտի ֆեդերացիան թույլ չի տվել Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սաներին մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: