27/02/2019 14:59
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։
Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով) ու այս երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անմիջապես հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ.
«Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են», - ասել էր Աշոտ Ահարոնյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։