27/02/2019 16:06
Չի լինելու մեկ զինվորի մահ, որ որևէ մեկը փորձի դա կոծկել. Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ խոշորացույցի տակ պահել բանակում կատարվող հանցագործությունների դեպքերով քննությունը ու հետևողական լինել դրանց արդարացի լուծման հարցում։
«Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ նա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին վստահեցրեց, որ խորհրդարանը և մասնավորապես, իր ղեկավարած հանձնաժողովը գործելու է բաց, աշխատելու է քաղհասարակության «անկեղծ օղակների» հետ։
«Քաղհասարակության այն անկեղծ օղակները, որոնք չեն մտածում միայն գրել գեղեցիկ ծրագրեր ու ստանալ դրամաշնորհներ, ինձ համար, մեր հանձնաժողովի համար և ընդհանրապես, այսօրվա խորհրդարանի համար շատ կարևոր են լինելու։ Մենք բաց ենք լինելու։ Այսօրվանից հայտարարում եմ՝ մեր հանձնաժողովը բաց է լինելու բոլոր հարթակներում, մեզ դիտեք որպես ձեր գործընկերը։ Ցանկացած դեպքով եթե անհրաժեշտ է մեր միջամտությունը, լսումներ կկազմակերպենք։ Եվ ոչ միայն լսումներ։ Մենք հասնելու ենք նրան, որ մեկ զինվորի մահը պետության համար դառնա խնդիր։ Չի լինելու, որ մի զինվոր մահանա ու որևէ մեկը փորձի դա կոծկել։ Կոծկելը տեսանք՝ մարտի 1-ին արեցին, կոծկեցին, փչացնելով ամբողջ պետական, ուժային համակարգը։ Կոծկումը ավելի հրեշավոր հանցագործություն է, քան իրական պատկերը ներկայացնելը, մեղավորներին պատժելը։ Սա իմ մոտեցումն է», - քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց Քոչարյանը։
Քննարկման ընթացքում զինվորական գործերով փաստաբան Հայարփի Սարգսյանը մատնանշել էր խնդիրներ Ռազմական ոստիկանության հետ կապված՝ ընդգծելով, որ որոշ գործերով ՌՈ-ում զինծառայողների են խոչընդոտել։
Փաստաբանի այս հայտարարությանն արձագանքելիս, Քոչարյանը նկատեց, որ ռազմական ոստիկանության հասցեին ծանր մեղադրանքներ են հնչեցվում, որոնք իր կողմից չեն անտեսվի։ Նա խոստացավ բարձրացված խնդիրները քննարկել պաշտպանության նախարարի հետ, դրանք վեր հանել ՊՆ կոլեգիայի նիստում։
«Ինչ-որ մեխանիզմներ կառաջարկեմ, որովհետև մենք ոչ միայն քաղհասարակության առաջ ենք բաց, այլ նաև բաց ենք պաշտպանության նախարարության առաջ։ Եթե պետք է օրենքների մեջ փոփոխություն, պառլամենտի կողմից բոլոր հնարավորությունները պետք է ծառայեն զինական ուժի հզորացման համար։ Դրանք չպետք է լինեն օդում հնչեցված խոսքեր։ Բացեք դռները, որ բանակ շատ ինտելեկտ գա, թարմություն մտնի բանակ, մի վախեք դրանից։ Այդ կառույցը միայն սպանող կրակող մեքենա չի։ Որպեսզի նա (նկատի ունի՝ զինված ուժերը) իր գործողությունը էֆեկտիվ կատարի, պետք է ներսում լինի շատ ամուր, զինվոր-սպա հարաբերությունները պետք է լինեն անխոցելի։ Պատկերցանո՞ւմ եք պատերազմ լինի ու այդ զինվորի մեջ կուտակված լինի նեղվածությունը, նա հետևից խփող է։ Զինադադարից առաջ մեր զինված ուժերում եղբայրական մթնոլորտ էր, որն էլ կերտել է հաղթանակը։ Եկեք չանտեսենք այս ամենը, իսկ նրանք, ովքեր կանտեսեն, մեր բանակի թշնամիներն են», - ասաց Քոչարյանը։