27/02/2019 15:28
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Նիստից դուրս գալուց հետո Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ դատարանը չի տեղեկացրել, թե մասնավորապես երբ կհրապարակվի որոշումը։
«Կարծում եմ՝ որոշման հրապարակումից առաջ դատարանի աշխատակազմից կտեղեկացնեն որոշման հրապարակման ժամի մասին», - ասաց Մկրտչյանը։
Փաստաբանը նաև ասաց, որ դատական նիստի ընթացքում Գրիգորյանի պաշտպանական կողմը մի քանի միջնորդություններ է ներկայացրել, սակայն դրանք դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է։ Փաստաբանը հրաժարվեց ներկայացնել, թե ինչ բնույթի միջնորդություններ են դրանք եղել։
«Դռնփակ նիստերը ճիշտ չեմ համարում մեկնաբանել, ներկայացնել», - ասաց փաստաբանը։
Մանվել Գրիգորյանը ներկա չի գտնվել խափանման միջոցի հարցի քննության ժամանակ, քանի որ ստացիոնար բուժում է ստանում։
Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդել էին դատարանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին՝ փոխելով նրա խափանման միջոց կալանքը։