27/02/2019 17:30
«Տարակուսելի» բառը շատ մեղմ դիվանագիտական ձևակերպում է. Ռուբեն Մեհրաբյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
Երբ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ռուս գործընկերների՝ Բաքվում հակահայկակական ցույցին մասնակցելը բնորոշում է «տարակուսելի» բառով, սա շատ մեղմ դիվանագիտական ձևակերպում է, Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
«Կարող եմ ասել, որ սա ցինիզմ է, լկտիություն և լպիրշություն։ Տարակուսելի ոչինչ էլ չկա, ամեն ինչ շատ օրինաչափ է, որովհետև Ռուսաստանը չի կարող այլ վերաբերմունք ունենալ մեր տարածաշրջանում մնացած միակ և վերջին բռնապետության նկատմամբ, որը միակ հոգեհարազատն է պուտինյան ռեժիմի համար», - նշեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, հայկական կողմը պետք է համապատասխան հետևություններ կատարի վերոնշյալ փաստից, որպեսզի ի վերջո հասկանալի լինի՝ ով ում բարեկամն է։
«Ծափողջույններին և եղբայրության մասին դատարկաբանություններին պետք չէ առանձնապես լուրջ վերաբերվել։ Մենք պետք է մի բան հասկանան. եթե մենք Ռուսաստանի նման բարեկամ ունենք, ապա մեզ թշնամի այլևս պետք չէ», - նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարակուսելի է որակել փաստը, որ չնայած Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության բարձր մակարդակին և մեր երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև ռուսական կողմի հետևողական փորձերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը՝ որոշ ռուս գործընկերներ երեկ մասնակցել են Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային։
«Ավելին՝ արդար տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ այս միջոցառմանը մասնակցել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը։