27/02/2019 20:11
ՊՎԾ ձերբակալված պաշտոնյաներից մեկը Սամվել Ադյանն է, որը փաստաբանի պնդմամբ, ցանկացել է օրինականություն հաստատել
Պետական վերահսկողական ծառայության ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը շարունակում է ձերբակալված մնալ: Նրա փաստաբան Դավիթ Մնացականյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին ԱԱԾ քննչական դեպարտամենտում է և մասնակցում է քննչական գործողության:
Նրա փոխանցմամբ, Ադյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:
«Այս պահին միայն կարող եմ ասել, որ Սամվել Ադյանը ցանկացել է օրինականություն հաստատել, որ մեկ ընկերությունը չունենա գերիշխող դիրք: Չգիտես ինչու հակառակ բանն է ստացվել: Հիմա նյութեր են նախապատրաստվում», - ասաց փաստաբանը:
Դիտարկմանը, թե համապատասխան նյութերը ԱԱԾ ուղարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանը պատասխանեց այլաբանորեն. «Դե այդտեղից է էլի փչում քամին»:
Ադյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել և շուտով կավարտվի նրա ձերբակալման ժամկետը: Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, փաստաբանը պատասխանեց. «Օրենքով չարգելված ամեն ինչ»:
ՊՎԾ ձերբակալված մյուս պաշտոնյան Գևորգ Խաչատրյանն է: Նրա փաստաբան Արման Արզումանյանի հետ կապվել չհաջողվեց: Վերջինը սակայն, «Հետք»-ին ասել է, որ իր պաշտպանյալի գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելն է: Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս կասկածյալը ևս իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում:
«Իմ պաշտպանյալը բավականին անձնվեր ծառայություն է մատուցել պետությանը, բավականին մեծ աշխատանք է կատարել, և եթե չեմ սխալվում, Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում շուրջ 20 կամ 30 մլն խնայողություն է արվել»,- լրատվամիջոցին ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարորող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գիտությամբ մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, որի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահասկողության ծառայության աշխատակիցների հետ է կապված: Այդ հայտարարության հիման վրա Առողջապահության նախարարը նյութեր էր ուղարկել ԱԱԾ:
Արդեն երկու օր է՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՊՎԾ երկու պաշտոնյաների ձերբակալման մասին, ինչը հաստատել էր նաև ՊՎԾ-ն: ԱԱԾ-ից, սակայն, այդպես էլ պաշտոնապես չեն տեղեկացնում ինչ գործի շրջանակներում են ձերբակալվել պաշտոնյաները: