27/02/2019 13:11
Տարակուսելի է՝ որոշ ռուս գործընկերներ Բաքվում հակահայկական ցույցի են մասնակցել. Արարատ Միրզոյան
Չնայած Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության բարձր մակարդակին և մեր երկրների միջև գործընկերային հարաբերություններին, ինչպես նաև ռուսական կողմի հետևողական փորձերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը, մեր որոշ ռուս գործընկերներ բառացիորեն երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում և ուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության դեմ, այսօր Մոսկվայում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագոումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ավելին՝ արդար տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ այս միջոցառմանը մասնակցել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ հումանիտար բաղադրիչն էլ ավելի ակտուալ է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում են Սումգայիթի կոտորածի զոհերին, որը տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ ու հիմք է հանդիսացել հաջորդիվ հայերի կոտորածների ու լայնամասշտաբ էթնիկ զտումների համար։
«Սա բերել է Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից ու այլ քաղաքներից հայերի մասսայական վտարումների», - ասել է Արարատ Միրզոյանը։