28/02/2019 19:04
Հերքում եմ, նման բան չկա. Լիլիթ Մակունցը՝ վարչապետից հանձնարարական ստանալու մասին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպմանը հնարավոր բոլոր հարցերը պատգամավորների կողմից հնչեցվել են, այդ թվում՝ այն մասին, թե վերջին շրջանում ինչու է Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների թիվն ավելացել, ինչն է դրան նպաստել և ինչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը շտկվի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Ոստիկանապետը նշեց մի քանի հանգամանք, որոնցից մեկը համաներման հետ կապված էր։ Մյուսը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հաղորդում տվողների քանակը Հայաստանում բավական շատացել է։ Ամեն դեպքում մենք ճշտեցինք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը իրավիճակը վերահսկելու համար։ Նա նշեց, որ ամեն ինչ վերահսկելի է և համագործակցում են տեղեկան ինքնակառավարման մարմինների հետ», - նշեց պատգամավորը։
Լիլիթ Մակունցը միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետի հետ քննարկել են ոստիկանների աշխատավարձի հարցը։
Հարցին՝ իրավապահ այդ կառույցում օպտիմալացում չի՞ սպասվում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ այդ առումով տեղեկություն չունի, գուցե իր՝ դահլիճից բացակայելու ընթացքում այդ խնդրին անդրադարձ է կատարվել։
Հաջորդ հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարել է պարբերաբար հանդիպման հրավիրել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հերքում եմ, նման բան չկա»։
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իրենց հետ կհանդիպի վաղը՝ ժամը 11։00-ին։