28/02/2019 14:45
Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված կազմակերպչական խնդիրներ կան. նախարար
Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված կազմակերպչական խնդիրներ կան, որոնք ընթացքի մեջ են, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ խնդիրներն առնչվում են հողային ձևակերպումներին։
«Ներկայում Մեղրու ազատ տնտեսական գոտուն ամրակցված հողամասը չի գերազանցում 2 հեկտարը։ Հեռանկարում նախատեսվում է, որ տարածքները սկզբում 10, հետո 50 հա ընդլայնման պլան ունենան», - ասաց նա։
Անդրադառնալով ներդրումներին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ չինական մի կազմակերպություն նախատեսում է Հայաստանում 40 հեկտար տարածության վրա արդյունաբերական գոտու հիմնում և շահագործում՝ արտադրելով ալյումինե իրեր և կահույք, որոնք կարտահանվեն Եվրոպա։ Ներդրումների ծավալը 100 միլիոն դոլար է։
Ինչ վերաբերում է դեպի Չինաստան հայկական արտահանումների թեմային՝ նա նշեց, որ ոչ մեծ խմբաքանակներով արտահանվել է գինի, մինչդեռ հնարավորութուններն անհամեմատ մեծ են։
«Ժամանակի հարց է, չինական շուկայում մեծ հնարավորություններ կան։ Տարվա ընթացքում բազմաթիվ են չինական պատվիրակությունները, որոնք ներդրումային ծրագրեր քննարկելու նպատակով այցելում են Հայաստան», - ասաց նա։