28/02/2019 14:34
Բենզինի շուկայում նոր խաղացողներ են սպասվում. նախարար
Ոչ ոքի ոչինչ չի պարտադրվում։ Ազատ շուկա է, գները նվազում և բարձրանում են շուկայական գործոնների ազդեցությամբ։ Հայաստանյան շուկան բաց շուկա է, և եթե միջազգային շուկայում բենզինի գները բարձրանան, ներքին գինը կբարձրանա և հակառակը, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում բենզինը թանկանալու է։
«Գինը մենք չենք պահպանում, շուկան է պահպանում։ Ամենակարևորն այն է, որ շուկայում գինը որոշի շուկան։ Իսկ մենք այսօր գտնվում ենք այդ վիճակում։ Որքան շատ խաղացողներ կհայտնվեն շուկայում, այնքան մրցակցության աստիճանը կբարձրանա», - ասաց նա։
Հարցին՝ պե՞տք է բենզինի շուկայում նոր խաղացողների սպասել, նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ներկայում դրսից ներդրողների հետ քննարկումներ են ընթանում։
«Կան չօգտագործված հնարավորություններ, կլինեն նոր խաղացողներ, սահմանափակումներ չեմ տեսնում։ Մենք ազատ շուկա ենք բացել, բոլորը գիտեն այդ մասին», - ասաց նախարարը։